Ապրիլի 24-ին երկրորդ ժամկետով ընտրված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երդմնակալության արարողությունը տեղի կունենա շաբաթ օրը՝ մայիսի 7-ին։ Այս մասին երեքշաբթի հայտնել է RTL ռադիոկայանը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի աղբյուրները։
Արարողությունը կկազմակերպվի Ելիսեյան պալատում, այն կանցկացնի Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի ղեկավար Լորան Ֆաբիուսը։ Այդ պահից պաշտոնապես կսկսվի Հանրապետության նախագահի պաշտոնավարման երկրորդ ժամկետը։
Ավելի վաղ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արդեն հաստատել էր Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով հանրապետության նախագահի պաշտոնում ընտրությունը։ Ըստ վերջնական տվյալների՝ Մակրոնը երկրորդ փուլում ստացել է 18,7 միլիոն ձայն (58,55%), նրա մրցակից Մարին Լը Պենը՝ 13,2 միլիոն ձայն (41,45%)։
Ֆրանսիայի նախագահական ընտրություններն անցկացվել են երկու փուլով՝ ապրիլի 10-ին և 24-ին։ Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին 12 թեկնածուներ, Մակրոնն ու Լը Պենը հասան ընտրապայքարի եզրափակիչ փուլ։