fbpx
Քաղաքականություն

Սփյուռքը լուռ էր, երբ Երևանի կենտրոնում սպանում էին խաղաղ ցուցարարներին․ Բաբաջանյան

Լրահոսում տեսա, որ սփյուռքի դաշնակցական, ռամկավար կուսակցությունները պահանջում են ՀՀ վարչապետի հրաժարականը: Վաղն էլ, գուցե, հնչակյան կուսակցությունը, այլ կառույցներ ևս միանան նրանց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական գործիչ, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը։

«Հայաստանի անկախացումից ի վեր, բացառությամբ առանձին անհատների և կազմակերպությունների, ովքեր անաղմուկ իրենց հայրենանվեր առաքելությունն են իրականացրել և իրականացնում, հավաքական սփյուռքը այդպես էլ չկարողացավ իր գոյությունը, իր իրական առաքելությունը իմաստավորել, Հայրենիքի իրական կարիքները գնահատել և ավելի կարևոր ու անփոխարինելի գործառույթ ստանձնել անկախացած Հայաստանի կյանքում:

Սփյուռքը առաջին օրից ի վիճակի չեղավ հարգել Հայաստանի ժողովրդի հավաքական կամքը, համարձակություն չունեցավ ծպտուն հանել, երբ 25 տարի Հայաստանի իշխանությունները համատարած ոտնահարում էին մեր՝ հայրենիքում բնակվողներիս իրավունքները, կեղեքում ու հարստահարում էին ամենայն ինչ՝ պետությունը, պետականությունն ու նրա քաղաքացիներին՝ օրըստօրե ուժգնացնելով արտագաղթը:

Սփյուռքը լուռ էր, երբ Հայաստանի խորհրդարանում գնդակահարում էին պետության գլուխներին և Երևանի կենտրոնում սպանում էին խաղաղ ցուցարարներին: Երբ մեր ժողովուրդը իրապես իրեն ձայնակցող սփյուռքի կարիքն ուներ մեր օտարաբնակ հայրենակիցները խրախուսող և աջակցող հայտարարություններով էին հանդես գալիս օրվա հանցավոր իշխանություններին:
Ո՞րն է ի վերջ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների նպատակը, կա՞ մտքի, գաղափարի հորիզոն, թռիչք այդ հարաբերությունները պատկերացնողների մտքում։

Արդյոք մերկապարանոց հայտարարությունների ու հրաժարականների փոխարեն առարկայական չի լինի ուղղակի նպատակների, կամ ավելի շուտ նախագծերի կոնկրետ հռչակումը:
Հավաքական Սփյուռքը, կամ նրանք, ովքեր հանդես են գալիս նրա անունից, կարող էին սահմանել Հայաստանի արդիականացման նպատակ՝ ստեղծել և զարգացել գիտության, տնտեսության, արտադրության ու քաղաքականության ֆունկցիոնալ շղթա։ Սրանք այսօրվա Հայաստանի և հայության համար առաջնահերթություններ են, անկախ նրանից՝ պատերազմ է, թե խաղաղություն։
Հայկական սփյուռքը և հայկական պետականությունը կանգնած են նոր ժամանակի լրջագույն մարտահրավերների առաջ:

Եթե Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ու սփյուռքյան ուժերը չեն կարողանալու գալ որոշակի ընդհանուր հայտարարի և հակազդեցության ռազմավարության մշակման՝ Հայաստանի ներքաղաքական տարաձայնությունների պատճառով, ապա դրա հետևանքի պատասխանատուն ոչ միայն Հայաստանի քաղաքական իշխանությունն է, այլև հավաքական սփյուռքը, այդ թվում նրանք, ովքեր այս օրերին զբաղված են Հայաստանի դեմ մատնագրությամբ, ներքաղաքական անհամաձայնությունների պատճառով օտար պաշտոնյաների մոտ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության մասին բամբասանքով, Հայաստանի դեպաններին և արտասահմանյան ուղևորությունների մեկնած հայաստանցի պաշտոնյաներին հետապնդելով, հայհոյելով և անվանարկելով»,- գրել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ