Հնդկաստանի արևելյան Գանեշպուր գյուղի բնակչին վտարել են այն բանից հետո, երբ պարզվել է, որ գյուղի հաճախակի հոսանքազրկման պատճառը նա է:
Ինչպես նշում է Oddity Central-ը, շաբաթներ շարունակ գյուղը մայրամուտից հետո հաճախակի մի քանի ժամով հոսանքազրկվել է: Սկզբում ոչ ոք չի հասկացել՝ որն է պատճառը, քանի որ էլցանցերում ոչ մի տեխնիկական խափանում չի եղել, իսկ հարևան գյուղերից որևէ մեկում նման հոսանքազրկումներ չեն գրանցվել:
Հետո Գանեշպուրի բնակիչները սկսել են ուշադրություն դարձնել, թե որ ժամերին է հոսանքն անջատվում: Արդյունքում նրանք հանգել են այն եզրակացության, որ լույսն անջատվում է մութն ընկնելուն պես: Բնակիչները գլխի են ընկել, որ այստեղ մի բան այն չէ ու սկսել են հետաքննություն:
Մի օր, երբ հոսանքը մութն ընկնելուց հետո սովորականի պես անջատվել է, գյուղացիների մի մասը խումբ է ձևավորել ու որոնումներ սկսել: Գյուղի փողոցներով անցնելուց հետո նրանք դպրոցի բակում հայտնաբերել են երկու սիրահարի, որոնք փորձել են իրենց կապը գաղտնի պահել:
Հետագայում պարզվել է, որ մասնագիտությամբ էլեկտրիկ տղամարդը սիրելիի հետ գաղտնի հանդիպման համար միտումնավոր երկու-երեք ժամով անջատել է հոսանքը:
Այն բանից հետո, երբ նա խոստովանել է շաբաթներ շարունակ գյուղին անհարմարություն պատճառելը, նրան ծեծել են, հրապարակավ անցկացրել փողոցներով: Սակայն ի վերջո գյուղի բնակիչները սիրահարներին ստիպել են ամուսնանալ:
Աղբյուրը՝ tert.am