fbpx
Քաղաքականություն

ՄԱԿ-ը չի կարողացել ապահովել ԼՂ ժողովրդին մարդասիրական օգնություն տրամադրումը. Կաժոյան

Մայիսի 23-27-ը Բանգկոկում կայացավ ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 78-րդ նստաշրջանը (78th session of the Economic and Social Commission for Asia and the Pacific – ESCAP), որին մասնակցում էր նաև ՀՀ պատվիրակությունը` ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վահրամ Կաժոյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։

«Հանձնաժողովի նստաշրջանի շրջանակներում կայացավ ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վահրամ Կաժոյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի հետ, որի ընթացքում դեսպան Կաժոյանը հանձնեց իր հավատարմագրերը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանի և Հանձնաժողովի միջև համագործակցության հեռանկարները:

Մայիսի 24-ին Հանձնաժողովի նստաշրջանի շրջանակներում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդես եկավ ելույթով, որում անդրադարձավ կայուն զարգացման օրակարգում առկա խնդիրներին, ինչպես նաև 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում և դրանից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական աղետին՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ը չի կարողացել ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մարդասիրական օգնություն տրամադրումը:

Նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունը մասնակցեց նաև Հայաստանի համար կարևորություն ներկայացնող մի շարք թեմատիկ նիստերի և ունեցավ մի շարք երկկողմ հանդիպումներ հանձնաժողովի անդամ և դիտորդ երկրների պատվիրակությունների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ