Արցախյան ՀԿ-ները դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտեռեշին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ կոչ անելով անհապաղ առաքելություն ուղարկել Արցախ՝ փաստագրելու և կանխելու հայկական մշակութային ժառանգության շարունակական ոչնչացումն Ադրբեջանի կողմից։ ՀԿ-ները պահանջում են, որ կազմակերպությունները վերջապես իրականացնեն իրենց մանդատը՝ մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ, որը խախտվում է 2020 թվականից սկսած Ադրբեջանի գործողություններով։
Նամակում մանրամասն ներկայացված են դեպքերը, որոնք բնութագրվում են որպես մշակութային ցեղասպանություն։ Արցախում ոչնչացվել են Սուրբ Աստվածածին, Սուրբ Սարգիս և Սուրբ Համբարձման եկեղեցիները, պղծվել են հայկական հոգևոր կենտրոնները, հարյուրավոր խաչքարեր՝ ոչնչացվել, իսկ արվեստի և թանգարանային հավաքածուներ՝ կողոպտվել։
Մշակութային վայրերի և հուշարձանների դիտավորյալ ոչնչացումը, համաձայն Հռոմի կանոնադրության և Հաագայի կոնվենցիայի, համարվում է ծանր հանցագործություն մարդկության դեմ։ ՀԿ-ները նշում են, որ Ադրբեջանի գործողություններն ունեն նաև հոգեբանական ճնշման նպատակ, ինչը խորացնում է տեղահանված անձանց տառապանքը։
Արցախյան ՀԿ-ների հայտարարությունը նաև ընդգծում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պասիվությունը վերջին չորս տարիներին, երբ կազմակերպությունը սահմանափակվել է միայն հայտարարություններով՝ չիրականացնելով իր պարտականությունները տարածաշրջանում։
Արցախի ՀԿ-ները շեշտում են, որ մշակութային ցեղասպանության կանխումը պահանջում է գործուն քայլեր՝ իրար հաջորդող հանցագործությունների շղթան դադարեցնելու համար։ ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ուղարկումը դիտարկվում է որպես առաջին և անհետաձգելի քայլ՝ Արցախի մշակութային ժառանգությունը պաշտպանելու ուղղությամբ։
Այս կոչը ոչ միայն իրավական հիմք ունի, այլև մշակութային ժառանգության պաշտպանությունը դիտարկում է որպես միջազգային հանրության ընդհանուր պատասխանատվություն։ Արցախի հայկական համայնքը սպասում է, որ այս անգամ միջազգային կառույցները կանցնեն գործողությունների՝ պահպանելով իրենց արժեքները և պարտավորությունները։
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)