ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող Երևանի Օրբելու փողոցի 23 հասցեում շենք-շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված բաժնային սեփականություն հանդիսացող հողամասերը կներկայացվեն օտարման՝ մրցույթով գնահատված արժեքի 80 տոկոսի չափով։
«Պետական գույքի արդյունավետ կառավարումը մեր ամենակարևոր մարտահրավերներից մեկն է: Մենք այսօր ունենք ահռելի քանակությամբ պետական գույք երկրում, որը ոչ մի եկամուտ, արդյունք, ավելացված արժեք երկրին չի բերում: Հազարավոր օբյեկտներ, որոնք համարվում են պետական, ուղղակի չեն աշխատում կամ մաշվում են»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նկատեց, որ պետական գույքի կառավարումն ուշադրության կենտրոնում չի պահվում:
«Հիմա այս պարագայում, երբ Երևան քաղաքում Օրբելու փողոցում ունենք 3 հա տարածք, վերլուծե՞լ ենք, որ երբ մրցույթի ենք դիմել, ինչու օտարումը տեղի չի ունեցել, և ինչն ենք փոխում, որ դա տեղի ունենա»,- հարցրեց նա:
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը նշեց, որ պատճառը գույքի բավականին բարձր արժեքն է, և այս պարագայում մի փոքր իջեցրել են մեկնարկային գինը:
Ավետիսյանի խոսքով՝ մրցույթի հաղթողին որոշում են ոչ միայն գնային առաջարկի պայմանով, այլև ներդրումային առաջարկի պայմանով: