fbpx
Իրավական

Հատուկ առաջադրանքներ Հայաստանում. Արդյո՞ք վանգներականները 2018 թվականից Հայաստանում են

Համացանցում տարածում գտավ Воля տելեգրամյան ալիքով հրապարակված մի հոդված, որը պատմում է «Վագներ» ռուսական վարձկան զինվորականների մասին, որոնք պատերազմում են տարբեր երկրներում և միջազգային կրիմինալ ծառայություններ են մատուցում ռուսական հատուկ ծառայություններին, ինչպես նշվում է հոդվածում։

Հոդվածում նաև նշվում է, որ վագներականների ջոկատներ են եղել նաև Հայաստանում 2018 թվականի գարնանը, երբ Հայաստանում տեղի էին ունենում լայնածավալ բողոքի միջոցառումներ։ Խնդրում ենք, որպեսզի հաշվի առնեք, որ հոդվածում այդ խմբի վարձկան սպաերի տրված հարցազրույց է, որտեղ խոսում են ենթադրություններով։ Ձեզ ենք ներկայացնում այդ հրապարակման Հայաստանի մասով հատվածը հայերեն թարգմանությամբ.

«Հատուկ առաջադրանքներ Հայաստանում

2018 թվականի մարտին Հայաստան է ուղարկվել վարձկանների 12 փոքր ջոկատ։ Այդ ժամանակ երկրում հեղափոխություն էր հասունանում։

«Երևանում, Ստեփանակերտում ու Գյումրիում շինարարի քողի տակ էին ուղարկել 12 մարտական ​​հատուկ խումբ։ Այն բաղկացած էր դիպուկահարներից, կապավորներից, սակրավորներից, քաղաքային մարտերի մասնագետներից։ Նրանք հավաքագրվել են տեղում մինչև հատուկ առաջադրանքը ստանալը: Եթե ​​Հայաստանում իրավիճակը դուրս գար վերահսկողությունից, պետք է կազմակերպեին մի շարք ահաբեկչություններ, շրջափակեին երկրի ղեկավարներին, պատանդ վերցնեին կամ ոչնչացնեին, մի շարք դիվերսիաներ կազմակերպեին՝ իրավիճակը ապակայունացնելու համար»,- պատմում է ռուս վարձկանը։ Սպա, ով աշխատել է Հայաստանում 2018-2020 թթ.-ին։

Այդ պահին Հայաստանի ղեկավար Սերժ Սարգսյանը ծրագրել էր իր լիազորությունները փոխանցել վարչապետ Կարեն Կարապետյանին, սակայն վերջին պահին մտափոխվեց՝ որոշելով երկարաձգել սեփական լիազորությունները։ Ժողովուրդը դուրս եկավ փողոց, իսկ տեղի ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը սկսեց տիրանալ իշխանությանը։

«Երբ ապրիլի վերջին իրավիճակը սկսեց դուրս գալ վերահսկողությունից, մեզ բերեցին մարտական պատրաստության վիճակի։ Իմ խումբը, մյուսների հետ մենք կապ չունեինք, դրսից էր համակարգվում, որ մի խմբի կորստի դեպքում ամբողջ ցանցը չկորցնենք։ Կոնկրետ իմ խումբը պետք է անկարգություններ հրահրեր Երևանում և մի շարք պայթյուններ կազմակերպեր։

Նրանք ուղղակի սպասում էին հրամանին։ Այդ պահին Երևանում մեզանից մեկ այլ խումբ նռնակներով ու պայթուցիկներով լի միկրոավտոբուսով բռնվեց ոստիկանների կողմից։ Այնտեղ, կարծես թե, վերևներում համաձայնության էին եկել Փաշինյանի հետ, քանի որ նա դեռ չէր եկել իշխանության։ Մեզ կանգնելու հրաման տվեցին։ Բայց ասեցին տեղում մնանք»,- ասում է ռուս վարձկան սպան։

Նրա խումբը Հայաստանում էր մինչև Ղարաբաղյան պատերազմի ավարտը։

«Ես ղեկավարությանն այդ մասին չեմ հարցրել, բայց ուսերիս գլուխ ունեմ. Ես լիակատար զգացողություն ունեմ, որ մենք պետք է միանայինք, և եթե Ադրբեջանը չկարողանար հաջողության հասնել իր հարձակման մեջ։ Համոզված եմ, որ Ռուսաստանն այն ժամանակ հանդես եկավ որպես Ադրբեջանի դաշնակից և հույս ուներ, որ պատերազմում և Հայաստանի պարտության արդյունքում հնարավոր կլինի ցրել այնտեղ իշխանությունը և ձևավորել Մոսկվային լոյալ ինչ-որ բան, իսկ հետո միգուցե հանրաքվե անցկացնել՝ Հանրապետությունը մտցնելու Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ։ Սրանք իմ ենթադրություններն ու եզրակացություններն են, որոնք արվել են այն տեղեկությունների հիման վրա, որոնք ստացել եմ այդ պահին Հայաստանում գտնվելու ժամանակ»,- ասում է վարձկան խմբի հրամանատարը։

Մեր տեղեկություններով՝ վարձկանների վեց ջոկատ դեռևս Հայաստանում է։ Նկատի ունենալով, որ Հայաստանի հատուկ ծառայությունները գրեթե ամբողջությամբ 2018 թվականի գարուն-ամառից գտնվել են Ռուսաստանի վերահսկողության տակ, ռուս վարձկաններին այնտեղ գրեթե վտանգ չի սպառնում»։

Նշենք, որ այս խումբն, ըստ հոդվածագրի, ստեղծվել է ռուսական հատուկ ծառայությունների միջոցով, և աշխատանքներ է իրականացնում նախկին սովետական միության տարածքում, մերձավոր արևելքում և Աֆրիկայում՝ իրականացնելով Ռուսաստանի Դաշնության քաղաքական ու ռազմական ղեկավարությունների կրիմինալ հրահանգները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ