Հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:
ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությոնից հայտնում են, որ Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կառավարությանը` Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան խստորեն դատապարտելու, ճշգրիտ և հասցեական գնահատականներ տալու, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին աջակցելու համար: Պաշտպանության նախարարը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:
- Օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական հանգիստ. Սուրեն Պապիկյան
- Սուրեն Պապիկյանը ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետին հրավիրել է այցելել Հայաստան
«Տիկին Դյումոնը վերահաստատել է ֆրանսիական կողմի դիրքորոշումը, ըստ որի`ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ առկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությանը, մասնավորապես` սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի Ֆրանսիա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ: