fbpx
Հասարակություն

Հայ ռազմագերիներին խոշտանգելու տեղանքը նույնականացվել է, դեպքը տեղի է ունեցել Վերին Շորժայի դիրքի բունկերում. Սահակյան

Հայ ռազմագերիներին խոշտանգելու տեղանքը նույնականացվել է, դեպքը տեղի է ունեցել Վերին Շորժայի դիրքի բունկերում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հայտնեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Նշենք, որ հակառակորդը հայ ռազմագերիներին խոշտանգելու վերաբերյալ Տելեգրամում երեկ եւս մեկ տեսանյութ է տարածվել։

«Ուսումնասիրված է տեղանքը եւ հաստատված է։ Վերին Շորժայի դիրքի բունկերում է միջադեպը տեղի ունեցել։ Սեպտեմբերյան դեպքերի տեսանյութն է։ Բոլոր երեք զինծառայողները նույնականացված են։ Հաստատված գերիների մեջ չեն, գնդակահարվել են, նրանց դիերը հայկական կողմին փոխանցվել են որպես մարտի դաշտում զոհվածների դիեր»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։

Սահակյանը նշեց, որ այդ տեսանյութում ադրբեջանցի զինծառայողների դեմքերը փակված են. «Տեսանյութում նրանց դեմքերը հատուկ սեւ գույնով փակել են։ Հատուկ վերապատրաստում ունեցող նշանակության ջոկատներ են եւ որոշակի մտավախություն ունեն հետագայում քրեական պատասխանատվության հետապնդումների մասով այդ պատճառով են փակել»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

Վերջին տվյալով՝ զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի։ Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը 32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին, սեպտեմբերի 20-ին՝ 95, իսկ սեպտեմբերի 23–ին՝ եւս 6 մարմին։ Գերեվարվել էր 20 զինծառայող։ Հոկտեմբերի 4–ին, ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ