fbpx
Հասարակություն

Շուռնուխի դպրոցի դիմաց պանթյուրքական լոզունգ տեղադրելը՝ խաղաղ բնակչության դեմ ագրեսիվության ցուցադրում է. Թաթոյան

Սյունիքի մարզի Գորիսի Շուռնուխ գյուղի դպրոցի անմիջապես դիմաց ադրբեջանական անօրինական զինված տեղակայում է, որտեղ մեծ տառերով գրված է «Önce vatan»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Սյունիքի մարզի Գորիսի Շուռնուխ գյուղի դպրոցի անմիջապես դիմաց ադրբեջանական անօրինական զինված տեղակայում է, որտեղ մեծ տառերով գրված է «Önce vatan»:

«Önce vatan»-ը թուրքական ազգայնամոլական (ընդ որում, ագրեսիվ) հիմնարար լոզունգներից է, որ ստեղծվել է Աթաթուրքի իշխանության շրջանում` 1930-ական թթ. եւ նշանակում է «Առաջ հայրենիք» կամ «Նախեւառաջ հայրենիք»:

Այս լոզունգն անմիջականորեն կապված է պանթյուրքիզմի հետ: Այն հնարավոր չի համարում Թուրքիայում ապրող ոչ թուրք էթնիկ խմբերի կամ ազգերի ներկայացուցիչների հավասարությունը թուրքերի հետ, քանի որ ըստ թուրքական ազգայնամոլության` հայրենիքին հավասար կարեւորվում է նաեւ ազգի՝ էթնիկապես թուրք միատարր ազգի ստեղծման գաղափարը: Ընդ որում, այս ազգայնամոլությունը հիմնվում էր երիտթուրքերի գաղափարաբանության՝ պանթյուրքիզմի վրա եւ ըստ էության դրա շարունակությունն էր:

Շուռնուխի դպրոցի` երեխաների անմիջապես տեղակայված այս ադրբեջանական դիրքում մշտապես հերթապահում են ծառայողներ, որոնք զինված հետեւում են դպրոցին, երեխաներին: Այս զինված դիրքն ունի նաեւ տեսախցիկներ, որոնք նույնպես հետեւում են մարդկանց տեղաշարժին, ապօրինաբար հավաքում են անձնական տվյալներ:

Այս փաստերը հայտնաբերեցինք Գարօ Ղազարեանի (Garo Ghazarian) եւ Գառնիկ Քերքոնեանի (Karnig Kerkonian) հետ միասին Սյունիք մեր հանատեղ այցի ընցացքում: Այնուհետեւ, ուսումնասիրությունններն իրականացրել է Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/ “Tatoyan” foundation:

Հիմա հարց`

Ի՞նչ գործ ունի այս ազգայնամոլական լոզունգը, առավել եւս ադրբեջանական անօրինական զինված տեղակայումը Շուռնուխի դպրոցի անմիջապես դիմաց:

Պարզ է, որ թիրախավորում են անգամ երեխաների, փորձում են ահաբեկել ու ճնշում գործադրել մեր երեխաների նկատմամբ: Այն հատուկ արված է մեծ տառերով ու այնպես, որ երեւում է երեխաներին:

Ակնհայտ է, որ սա արվել է խաղաղ բնակչությանը ագրեսիվություն ցուցադրելու համար:

Այս ամենը եւս մեկ անգամ նշանակում է, որ ադրբեջանական զինված տեղակայումները ոչ միայն լրջորեն վտանգում են մարդկանց ֆիզիկական անվտանգությունն ու կյանքը, այլ նպատակային արարքներով ամեն ինչ անում են, որ մարդկանց, անգամ երեխաներին պատճառեն հոգեկան զրկանքներ, նրանց պահեն անհանգստության ու լարվածության մեջ:

Ադրբեջանական զինված տեղակայումները պետք է հեռացվեն ոչ միայն ՀՀ ներխուժած տարածքներից, այլ նաեւ ՀՀ գյուղերի մոտից ու համայնքների միջեւ ճանապարհներից. պետք է լինի ապառազմականացված անվտանգության գոտի, որպեսզի վերականգնվի մարդկանց բնականոն կյանքը»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ