ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց Կառավարության կողմից վերջին տարիների ընթացքում գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ իրականացված մի շարք ծրագրերով և միջոցառումներով: Պատգամավորը նշեց, որ գյուղական մի շարք համայնքներում գյուղատնտեսական ոլորտի մասնագետների պակասը խոչընդոտում է գործընթացը:
ՀՀ վարչապետի խոսքով՝ մասնագետների պակասի խնդիրը կարելի է լուծել միայն բուհական համակարգում խոր և համապարփակ բարեփոխումների միջոցով:
«Այսօր Հայաստանում կան բազմաթիվ գյուղատնտեսական բիզնեսով զբաղվող ընկերություններ, որոնք, օրինակ՝ Եվրոպայից ժամը 700 եվրոյով մասնագետ են հրավիրում, որպեսզի իրենց խորհուրդ տա, թե ինչպես մոշ կամ ելակ, կամ ծիրան, կամ տանձ աճեցնել: Այսինքն՝ եթե ձեր ակնարկն այն է, որ Ագրարային համալսարանն ավարտած մասնագետները չեն գնում գյուղերում աշխատելու, որովհետև նրանց գուցե պոտենցիալ եկամուտը, վճարը, որ պետք է ստանան, այնքան բարձր չէ, հակառակ հարցը կարելի է տալ. իսկ ինչու այն տեղերում, որտեղ ժամը 700 եվրոյով մասնագետի կարիք կա, այնտեղ չեն գնում աշխատելու: Այս դիլեմաները, մեր խորին համոզմամբ, հնարավոր է լուծել միայն բուհական համակարգի խոր և համապարփակ բարեփոխումների միջոցով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ Պլանի գլխում 21-րդ դարում Ագրարային համալսարան ունենալը նոնսենս է, որովհետև բոլոր ժամանակակից ագրարային համալսարանները շրջապատված են ոչ թե շենքերով հյուրանոցներով, սրճարաններով, այլ հարյուրավոր հեկտար հողատարածքներով, որտեղ կան ֆերմաներ, այգիներ, էքսպերիմենտալ տարածություններ:
«Նաև այս է պատճառը, որ մենք իրականացնում ենք, մշակում ենք՝ իրականացնելու Ակադեմիական քաղաքի կամ կլաստերի գաղափարը, որտեղ համոզված կլինենք, որ պատրաստվում են պատշաճ մասնագետներ, որոնց նաև պատշաճ մեխանիզմներով խթանում է պետությունը նրանց ծառայությունները հասանելի դարձնելու ուղղությամբ: Բայց, մյուս կողմից, մենք սա անելով զուգահեռաբար պետք է ասենք հետևյալը՝ այն գյուղատնտեսությունը, որ ունենք, այդ գյուղատնտեսությունը հեռանկար չունի: Մենք բովանդակային հարցեր պետք է լուծենք»,- նշեց Փաշինյանը: