Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի հանդեպ իր միջազգային պարտավորությունների «աղաղակող խախտման» մասին են հայտարարել ԵՄ-Հայաստան գործընկերության, ԵՄ-Ադրբեջան համագործակցության եւ ԵՄ-Վրաստան ասոցիացիայի խորհրդարանական կոմիտեները։
Եվրոպական խորհրդարանի՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների գծով պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցողներ Անդրեյ Կովաչենչևը և Ժելյանա Զովկոն համատեղ հայտարարությամբ են հանդես եկել:
Նրանք նշում են, որ այս քայլը հղի է բացասական հետևանքներով և կարող է դիտարկվել որպես «2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության ակնհայտ խախտում», «ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 23-ի պարտադիր ուժ ունեցող որոշումը չհարգելու ակտ»։
Դատարանի որոշումը Ադրբեջանին պարտավորեցնում էր «իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները ձեռնարկել՝ ապահովելու համար Լաչինի միջանցքով անձանց եւ բեռների՝ երկու ուղղությամբ անխոչընդոտ տեղաշարժը», նշել են եվրապատգամավորները։
Հայտարարության հեղինակները հիշեցնում են, որ Ադրբեջանի կողմից միջանցքի շրջափակումը շարունակվում է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից՝ հումանիտար դժվարություններ ստեղծելով Լեռնային Ղարաբաղի բնակչության համար և մեծապես խաթարելով խաղաղության հեռանկարները։
«Վերջին գործողություններն է՛լ ավելի են սրում իրավիճակը։ Մենք կոչ ենք անում Բաքվին անհապաղ փոխել ընթացքը և հանձնառություն վերցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ու միջազգային պարտավորությունների և նորմերի հարգման համար։ Եվրամիությունը շարունակում է պատրաստ լինել աջակցել կողմերին՝ բանակցությունների միջոցով լուծելու բոլոր տարաձայնությունները», – ասված է հաղորդագրությունում:
Եվրախորհրդարանականներն ափսոսանք են հայտնել, որ Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին, նրանք կոչ են անում իրավիճակին արձագանքել միջազգային հանրությանը՝ սադրիչ հռետորաբանության եւ սադրիչ գործողությունների բոլոր դեպքերի հետ կապված, որոնք ատելություն են հրահրում եւ խանգարում խաղաղ գործընթացին: