fbpx
Արցախ

ԲԱՑՈւՄ-ի հայտարարությունը Ադրբեջանի կողմից սովամահության առաջին զոհ դարձած քաղաքացու վերաբերյալ

«ԲԱՑՈւՄ» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը Ադրբեջանի կողմից սովամահության առաջին զոհ դարձած Կ. Հովհաննիսյանի առնչությամբ

Արցախի տևական շրջափակումը և սննդի՝ աղետալի աստիճանի հասնող սակավությունը, շարունակում են քայքայել մարդկանց կյանքերը: 120 հազար արցախցիների կյանքի սպառնալիքն իրական է և անքննարկելի, իսկ Արցախում սովի պատճառով հանգած առաջին կյանքը սարսափելի իրականության ողբերգական վկայությունն է։

Ադրբեջանի կողմից Արցախի հաշվարկված պաշարումը, կենսական ճանապարհի՝ Բերձորի/ Լաչինի միջանցքի փակումը, անհերքելի հարձակում է մարդկության ընդհանուր արժեքների վրա։ Այնուամենայնիվ, նույնիսկ այս ագրեսիայի պայմաններում Արցախի ժողովուրդը հրաժարվում է զիջել՝ պաշտպանելով համընդհանուր և ինքնորոշման իրավունքները՝ մարմնավորելով մարդկային ոգու ուժեղ կողմերը:

Արցախի հայ ժողովուրդը սոսկ վերապրող չէ, նա իր ճակատագրի տերն է, ով իրավացիորեն պահանջում է միջազգային ճանաչում և հարգանք իրենց իրավունքների նկատմամբ։ Միավորված Ազգերի Կազմակերպությունը պետք է լսի և ճանաչի նրանց ձայնը՝ ճանաչելով նաև հարկադրանքից և վախից ապահով կյանքի անքակտելի իրավունքը:

2023 թվականի օգոստոսի 16-ին ՄԱԿ ԱԽ-ում հայկական կողմի դիմումով արտահերթ նիստ է գումարվելու, և մենք մեծ սպասելիքներ ունենք, որ Անվտանգության խորհրդի անդամ երկրները կդատապարտեն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, պատասխանատվության կկանչեն, ինչպես նաև կբացեն Բերձորի/Լաչինի միջանցքը՝ ի կատար ածելով ս.թ. փետրվարին կայացրած ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որպեսզի չդառնան ցեղասպանության մեղսակիցներ։

Մենք մեր ձայնն ենք բարձրացնում ոչ միայն այս շրջափակման, այլ նաև լռության դեմ, որը մեղսակցություն է տառապանքներին, որը պատճառում է Ադրբեջանը մեր ժողովրդին։ Մենք պահանջում ենք արդարություն, հարգանք և ճանաչում ահաբեկչությունից, սովից և ազատ կամքի ճնշումներից զերծ ապրելու մեր ժողովրդի իրավունքի համար:

Սգում ենք խրոնիկ թերսնման զոհ դարձած Կ. Հովհաննիսյանի կորուստը։ Ցավակցում ենք իր հարազատնորին: Ցավոք այս դեպքը վառ ապացույցն է ու հիշեցումը, որ հումանիտար աղետի հետևանքները գերազանցել են շատերի համար սովորական դարձած վիճակագրությունը:

«ԲԱՑՈւՄ» քաղաքացիական նախաձեռնություն

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ