Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) սեպտեմբերի 29-ից ի վեր ավելի քան 100 քաղաքացու է գտել Արցախում՝ նրանց տեղափոխելով Հայաստան։ ԿԽՄԿ-ի Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Ազատությանը» հայտնեց, որ ԿԽՄԿ-ն շարունակելու է քաղաքացիների որոնումը Լեռնային Ղարաբաղում։
Թե քանի նման դիմում են ստացել հարազատներից, Ամատունին այս պահին հստակ թիվ չկարողացավ ասել. տվյալներն ամբողջացվում են։
«Կարծում եմ՝ մոտակա օրերին կկարողանանք ավելի հստակ տվյալներ տրամադրել։ Խոսքը մի շարք քաղաքացիների մասին է, որոնց հարազատները չեն կարողանում գտնել նաև բենզինի պահեստի պայթյունի հետևանքով և ոչ միայն։ Այս պահին կարող եմ ասել, որ ցավոք, փնտրվող աձնանց թիվը փոքր չէ», – հավելեց Ամատունին։
Ըստ նրա՝ ԿԽՄԿ ներկայացուցիչները նաև սնունդ, ջուր, հիգիենայի պարագաներ են տրամադրում Լեռնային Ղարաբաղում տարբեր պատճառներով մնացած փոքր թվով անձանց։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, սակայն, չի հստակեցնում՝ քանի նման քաղաքացի կա։