Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, նրան հայտնել, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է աջակցել Գազայի հատվածում դեէսկալացիային:
Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ռուսական կողմը պատրաստ է ցուցաբերել հնարավոր բոլոր օգնությունները՝ մեղմելու խաղաղ բնակիչների տառապանքը և հակամարտությունը թուլացնելու համար», – ասվում է հայտարարության մեջ։
Բացի այդ, Կրեմլը հավելել է, որ «փոխադարձ շահագրգռվածություն է արտահայտվել շարունակելու համագործակցությունը Ռուսաստանի քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների տարհանման, ինչպես նաև Գազայում պահվող իսրայելցիների ազատ արձակման հարցերում»։
Պուտինը Նեթանյահուի հետ զրույցում հաստատել է նաև Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումը ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով մերժելու և դատապարտելու վերաբերյալ։
Պուտինն ու Նեթանյահուն պայմանավորվել են շարունակել շփումները:
The Times of Israel-ն էլ գրում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդհատել է կառավարության նիստը, որպեսզի հեռախոսով խոսի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրույցը տևել է 50 րոպե:
Սա Պուտին-Նեթանյահու երկրորդ հեռախոսազրույցն է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր: