fbpx
Առողջապահություն

Միրգն ու բանջարեղենը նվազեցնում են արյան ճնշումը

Օսթինի Տեխասի համալսարանի գիտնականները պարզել են, որ միրգն ու բանջարեղենն օգնում են իջեցնել արյան ճնշումը, առողջացնում երիկամները և իրենց ալկալային պարունակության շնորհիվ կանխում սրտանոթային հիվանդությունները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Medicine բժշկագիտական հանդեսում:

Հինգ տարի տևած հետազոտությանը մասնակցել են հիպերտոնիայից և մակրոալբումինուրիայից (մեզի մեջ ալբումինի արտազատման բարձր մակարդակից) տառապող ոչ դիաբետիկ կամավորներ: Ալբումինը լյարդում վահանաձև գեղձի հորմոնների ազդեցության տակ արտադրվող սպիտակուց է։ Մեզի մեջ դրա կոնցենտրացիայի ավելացումը վկայում է երիկամների ախտահարման մասին:

Փորձարկվողներին բաժանել են երեք խմբի: Առաջին խումբը սովորական սննդակարգից բացի օգտագործում էր երկու-չորս փոքր կերակրաթասով միրգ և բանջարեղեն, երկրորդն ընդունում էր նատրիումի բիկարբոնատով հաբեր (մամլած խմորի սոդա), իսկ երրորդը ստանդարտ բժշկական օգնություն էր ստանում:

Փորձառական շրջանի վերջում գիտնականները վերլուծել են մասնակիցների առողջության և ինքնազգացողության փոփոխությունները: Պարզվել է, որ միրգն ու բանջարեղենը, ինչպես նաև սոդան (նատրիումի բիկարբոնատով հաբերը) բարերար ազդեցություն են ունեցել երիկամների առողջության վրա։ Ընդսմին, միայն մրգերի և բանջարեղենի օգտագործումն է իջեցրել արյան ճնշումը և նվազեցրել սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը:

Գիտնականները պարզաբանել են, որ ալկալիներով հարուստ միրգն ու բանջարեղենն օգնում են օրգանիզմից հեռացնել կենդանական ծագման մթերքներում առկա թթուները: Դրանք թեթևացնում են երիկամների բեռը, որոնք սովորաբար պատասխանատու են ավելորդ թթուների վերացման համար: Միրգն ու բանջարեղենը, բացի ալկալից, պարունակում են ջուր և բջջանյութ (օգտակար սննդային մանրաթելեր), որոնք միաժամանակ օժտված են զարկերակային արյան գերճնշումը կարգավորելու հատկությամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ