fbpx
Հասարակություն

Անի համայնքի բնակիչները կրկին փակել են համայնքապետարանի մուտքը

Այսօր Անի խոշորացված համայնքի բնակիչները վերսկսել են իրենց բողոքի ակցիաները։ Նրանք կրկին պահանջում են համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Ակցիայի մասնակիցներից փոխանցեցին, որ առավոտյան ժամը 8։30-ից փակել են համայնքապետարանի մուտքն ու թույլ չեն տվել աշխատակիցներին ներս մտնել։ Համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը, հանդիպելով ցուցարարների դիմադրությանը, հեռացել է տարածքից և այլևս աշխատավայր չի վերադարձել։

«Վերսկսել ենք մեր բողոքի ակցիան,նորից փակել ենք համայնքապետարանի դուռը, գիշերը այստեղ ենք մնալու, չենք բացի դուռը մինչև հրաժարական չտա»,- ասել է ակցիայի մասնակիցներից Հայկ Անտոնյանը։

Տարածքում են նաև ոստիկանության աշխատակիցները, համայնքապետարանի դուռը բացելու նրանց հորդորները մնացել են անպատասխան։ Ակցիայի մասնակիցների և համայնքապետարանի աշխատակիցների միջև ընդհարում չի եղել։

Մինչ այս, բողոքի ակցիայի մասնակիցները Տարածքային զարգացման և կառավարման նախարարություն են փոխանցել համայնքի բնակիչների`Արտակ Գևորգյանի հրաժարականի պահանջով 4500 ստորագությամբ դիմումը։

«Ստորագրություն էին ուզում, հավաքեցինք, չարաշահումներ էին ուզում ՝ դա էլ կա, էլ ի՞նչ պետք է լինի, որ ուշադրություն դարձնեն այս խնդրին»,- զարմացած պատասխանել է բողոքի ակցիայի մասնակիցը։

Հիշեցնենք, որ Անի խոշորացված համայնքի բնակիչները դեռ նախորդ տարվանից էին սկսել իրենց բողոքի ակցիաները, փակվեց Գյումրի-Երևան մայրուղին, ցույցեր ու քայլերթեր անցկացվեցին համայնքի կենտրոն Մարալիկ քաղաքում և գյուղական բնակավայրերում, մետաղյալ պարաններով ու նստարաններով փակվեց համայնքապետարանի դուռը, որը բացվեց միայն Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի` Մարալիկ այցի ժամանակ։ Սակայն ծառայության աշխատակիցների իրականացրած ստուգումներից բացահայտվեց ֆինանսական չարաշահման մեկ դեպք։

Աղբյուրը՝ shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ