«Առաջին հերթին կցանկանայի մեր քաղաքացիներին հորդորել, որ մեքենա գնելիս պարտադիր տանեն տեխզննման, և եթե պատշաճ որակի չէ, համապատասխան փոփոխություններ անեն: Մենք տեխզննության այս նոր արդիականացման պրոցեսում ներառել ենք հստակ խստացում ղեկային համակարգի և արգելակների առումով, և այդ օղակները խստագույնս ստուգվելու են: Եթե խնդիր լինի, արգելվելու է այդ մեքենաների շահագործումը»,- ասել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ այսօր քննարկվել է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» օրենքում փոփոխության հարցը:
Նախարարը նշել է, թե հաշվարկներ չկան՝ ինչքան մեքենա է ներմուծվում Վրաստանից ղեկը փոխված: Հակոբ Արշակյանը նաև նկատել է, որ երբեմն նշվում է, որ այդ ղեկային համակարգի փոփոխությունը վտանգներ է պարունակում և ոչ սերտիֆիկացված վայրերում արվում է ոչ լավ որակի: Ամեն դեպքում նա խորհուրդ տվեց այդ բիզնես մոդելով շարժվելուց զերծ մնալ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրինագծին: Այն վաղը կդրվի ԱԺ լիագումար նիստում քննարկման:
Աղբյուրը՝ shantnews.am