ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանից հարցրել է, թե ի՞նչն է հակակոռուպցիոն մարմնի չստեղծվելու պատճառը:
Ի պատասխան պատգամավորի հարցի Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն նշել է, որ նոր մարմինը պետք է ստեղծվի Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա:
«Այդուհանդերձ մարմինը համարվում է ստեղծված նոր անդամների երկու երրորդի ընտրության պարագայում, և այս կոնտեքստով մարմնի ստեղծման պահից ամբողջ վարույթները, գործընթացները, հայտարարագրման պրոցեսը փոխանցվելու է նոր մարմնին», – ասել է փոխնախարարը:
Քրմոյանի խոսքով՝ նոր մարմնի չստեղծման մի քանի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ կան: Առաջինը նոր մարմնի անդամների ընտրության համար օրենսդրությամբ նախատեսված բարդ մեխանիզմն է: Ըստ նրա, փաստացի այդ մարմինների աշխատանքի կոորդինացիայի հետ կապված նաև խնդիրներ են եղել, նաև քաղհասարակությունը որոշակի մտահոգություններ է բարձացրել այս մարմնի ձևավորման հետ կապված:
«Բացի դրանից, գիտեք կառավարման համակարգում տեղի ունեցած նախորդ տարվա փոփոխությունները, կառավարության ծրագրում նոր մոտեցումներ են ամրագրված՝ կոռուպցիայի կանխարգելման ինստիտուցիոնալ համակարգի հետ: Եթե նախկինում հստակ էր, որ սա լինելու է կոռուպցիայի կանխարգելման մարմինը, նոր ծրագրով դեռևս քննարկումներ են ընթանում, թե կոռուպցիայի կանխարգելման ինչ մոդել է ընտրելու կառավարությունը և ներկայացնելու Ազգային ժողովի հավանությանը՝ կենտրոնացվա՞ծ, թե՞ ապակենտրոնացված», – ասել է Քրմոյանը: