Իտալական դիզայնի համաշխարհային օրվա շրջանակում, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) այսօր բացվել է իտալացի երիտասարդ ճարտարապետների նախագծերի ցուցահանդեսը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցիո Դել Մոնակոն, ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ճարտարապետներ, շինարարներ, դիզայներներ, բուհի դասախոսներ և ուսանողներ:
ԿԳ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, ողջունելով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախաձեռնությունը, նշել է. «Բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում այս ցուցահանդեսն անկասկած կարևոր նախաձեռնություն է, որովհետև միտված է համակարգի միջազգայնացմանն ու կրթության որակի բարձրացմանը: Նման ցուցահանդեսները լրացուցիչ հնարավորություն են ժամանակակից ուսանողների համար հաղորդակից լինելու ճարտարապետության և դիզայնի ոլորտում համաշխարհային զարգացումներին: Իտալական դիզայնի միջազգային օրվա շրջանակում անցկացվող այս միջոցառումը յուրօրինակ հարթակ է ավելի սերտ զարգացնելու Հայաստանի և Իտալիայի ճարտարապետական դպրոցների միջև արդեն առկա համագործակցությունը»:
Փոխնախարարի խոսքով` առանձնակի ուշադրության է արժանի «Ժամանակակից ճարտարապետ, խելացի քաղաքներ և դիզայն» թեմայով վարպետության դասերի անցկացումը, որը եզակի հնարավորություն է ուսանողների համար` ոչ միայն ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, այլև անմիջական շփումների միջոցով ձևավորել մասնագիտական նոր կամուրջներ:
ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանն իր խոսքում նշել է, որ հայ և իտալացի ճարտարապետների համագործակցությունն ավանդական է, իսկ իտալական դիզայնի համաշխարհային օրվա միջոցառումներն ամրապնդում են պատմական կապերը. «Մեր համալսարանը տասնյակ տարիներ համագործակցում է Իտալիայի ճարտարապետական դպրոցների և համալսարանների հետ։ Այս ցուցահանդեսը համագործակցության տրամաբանական շարունակությունն է, որը լավ խթան կհանդիսանա մեր բուհերի միջև համագործակցությունում նոր զարգացում ապահովելու համար»,- նշել է ռեկտոր Գագիկ Գալստյանը։
Ներկաներին ողջունել են նաև Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցիո Դել Մոնակոն, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Բացման արարողությունից հետո ցուցահանդեսում ներկայացված Իտալիայի երիտասարդ ճարտարապետները վարպետության դասեր են անցկացրել ՃՇՀԱՀ ուսանողների համար` «Ժամանակակից ճարտարապետ, խելացի քաղաքներ և դիզայն» թեմայով։ Վարպետության դասը վարել են «Studio Orizzontale»-ի ճարտարապետ Ստեֆանո Ռագացցոն և «Map studio-magnani pelzel architetti associati»-ի ճարտարապետ Ֆրանչեսկո Մանյանին։
Նշենք, որ ցուցահանդեսում ներկայացվել է 50 աշխատանք, որոնք 2018 թվականին Իտալիայում տարբեր մրցանակների են արժանացել: