fbpx
Առողջապահություն

Ավելի քան 470 աշխատող մայրեր պետության աջակցությամբ դայակներ են վարձել

«Դայակ՝ պետության կողմից» ծրագրի շահառուների քանակը նախատեսված 200 անձից ավելացել է` դառնալով 475: Ծրագրի նկատմամբ պահանջարկը մեծ է:

Այս մասին Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Նախորդ տարի նախատեսվել էր երեխայի խնամքի արձակուրդում գտնվող 200 մայրերի, ովքեր ցանկանում են վերադառնալ աշխատանքի, տրամադրել դայակի աշխատավարձի փոխհատուցում: Սակայն, քանի որ պահանջարկը մեծ էր, այն իրականացվել է 475 դայակի համար: Ավելացումներ են եղել: Այս իմաստով կարծում ենք, որ սա իսկապես կարևոր ծրագիր է»,-ասաց Բաթոյանը:

Նրա խոսքով` առաջիկայում ժողովրդագրության իրավիճակի բարելավմանն ուղղված ռազմավարության շրջանակում պետք է մշակեն և ներկայացնեն մայրերի, կանանց և ծնողների աջակցման ծրագրեր, որոնք ուղղված կլինեն թե՛ աշխատանքի վերադառնալու հնարավորություններին, թե՛ այլ սոցիալական երաշխիքների ստեղծմանը:

Պետությունը 2018 թվականից աջակցության ծրագիր է մշակել այն մայրերի համար, որոնք երեխայի մինչև երեք տարին լրանալը խնամքի արձակուրդում են, սակայն ցանկանում են վերադառնալ աշխատանքի: Պետությունը պատրաստ է վճարելու դայակի աշխատավարձի 50 տոկոսը, որը, սակայն, չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձը` 55 հազար դրամը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ