fbpx
Խորհրդարան

ԵԽԽՎ նախագահը ելույթ ունեցավ ՀՀ Ազգային ժողովում

Հայաստանում է ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասկիեն: Այսօր նա Ազգային ժողովի նիստի ընթացքում հանդես եկավ զեկույցով:

Իր ելույթում նա նշեց, որ 18 տարի առաջ Հայաստանի անդամակցությունը ԵԽ-ին շատ կարևոր մի փուլ էր ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման համար, ինչպես նաև մեծ օժանդակություն բազմաթիվ ոլորտներում բարեփոխումների ուղղությամբ՝ սահմանադրական, արդարադատության, Մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմների ստեղծման, կոռուպցիայի դեմ պայքարի, տեղական ժողովրդավարության ամրապնդման ու շատ այլ ոլորտներում:

Նա նաև ասաց, որ Հայաստանում նաև ԵԽ օժանդակությամբ տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներին հետևել են ամենայն ուշադրությամբ: Նա հիշեցրեց՝ 2017-ին բախտ է ունեցել խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը ղեկավարել: ԵԽԽՎ նախագահը շնորհավորեց հայ ժողովրդին և նրա քաղաքական հատվածին, որ կարողացել են նոր սահմանադրական մեխանիզմներն օգտագործել քաղաքական համակարգի անցման այս ժամանակաշրջանում, շեշտեց, որ դա եղել է խաղաղ, օրինական ու ժողովրդավարական ձևով, ինչը վկայում է ժողովրդավարական հաստատությունների ամրության և բոլոր կուսակցությունների, քաղաքական գործիչների հասունության մասին:Նա նաև կարևորեց կառուցողական երկխոսությունը քաղաքական ուժերի միջև և քաղհասարակության հետ:

Ի թիվս այլ հարցերի, ԵԽԽՎ նախագահը խոսեց մի շարք երկրներում խոսքի ազատության, հավաքների ազատության, ազգայնականության ու պոպուլիզմի աճի ու իրավական պետության նկատմամբ եղած սպառնալիքների մասին:

«Դժբախտաբար մեր սերտ միությունն այսօր վտանգված է զանազան քաղաքական բաժանումների նախկին և ավելի նոր կոնֆլիկտների պատճառով, նաև զանազան գլոբալ մարտահրավերների նկատմամբ համերաշխության պատճառով, ինչպիսիք են միգրացիան, փախստականների խնդիրը, նաև տևական կայուն զարգացման խնդիրները, ես վստահ եմ, որ մենք ի վիճակի ենք ընդունելու այդ մարտահրավերները, քանի որ մեզ միավորողը շատ ավելի ուժեղ է, քան բաժանումները»,- ասաց ԵԽԽՎ նախագահը՝ կարևորելով ուժերի կենտրոնացումը հիմնարար արժեքների վրա, այն է՝ խաղաղություն, արժանապատվություն, ժողովրդավարություն և իրավական պետություն:

Նա ուշադրություն հրավիրեց իր համար քաղաքական առաջնահերթություն հանդիսացող մի թեմայի՝ գենդերային հավասարության վրա, նշեց, որ բազմաթիվ խոչընդոտներ կան՝ թե՛ տնտեսական, իրավական, և թե՛ խոչընդոտներ, որոնք կարծրատիպերի վրա են հիմնված: ԵԽԽՎ նախագահի խոսքով՝ դրանք դժվար է հաղթահարել, որովհետև հաճախ դրանք ամրապնդում ենք մեր գործունեությամբ, առանց նույնիսկ դա գիտակցելու:

Խոսելով կանանց նկատմամբ բռնությունների մասին՝ նա նշեց, որ դա գոյություն ունեցող կարծրատիպերի ու խտրականության հետևանքն է, նաև անդրադարձավ ազգային խորհրդարաններում կանանց ներգրավվածության հարցին: ԵԽԽՎ նախագահը նշեց, որ լուծումը հետևյալն է՝ հստակ իրավական շրջանակներ ստեղծել, որն արգելում է ցանկացած խտրականություն, նաև պարտադրում է դրական գործողություններ՝ ամրապնդելու համար իրավական հավասարությունը, նաև պետք է փոխել մարդկանց մտածելակերպը, վերացնել տաբուները և դադարել լռել այս հարցերի վերաբերյալ: Նա նաև հայտնեց, որ «#Ոչիմխորհրդարանում» հեշթեգով պայքար են սկսել այս ուղղությամբ, «ոչ» են ասում յուրաքանչյուր սպառնալիքի, սեքսիստական բնույթի վարվելակերպի, ոտնձգության ու բռնությանը, կոչ են անում փշրել լռության պատերը, վերացնել անտարբերությունը, խթանել իրավահավասարությունը:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն, արձագանքելով ԵԽԽՎ նախագահին, ասաց.

«Մենք ևս կարևորում ենք ԵԽ հետ ՀՀ համագործակցությունը, մենք վճռական ենք ժողովրդավար բարեփոխումներ իրականացնելու գործում, ունենք դրանց սեփական օրակարգը, որը համառորեն առաջ ենք տանելու, մենք հաստատակամ ենք նաև մեր հասարակությունից բռնությունն արմատախիլ անելու գործում, ինչպես նաև կարևորում ենք Ձեր մատնանշած քաղաքական երկխոսությունը մեր ընդդիմադիր գործընկերների հետ, թեպետ այս վերջին կետում պարոն Սերգեյ Բագրատյանը Ձեզ հետ չէր համաձայնի»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ