Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետական բյուջեից 300 հազար դոլար գումար է հատկացրել միջազգային հեղինակավոր ընկերությանը Ամուլսարի հանքավայրում փորձաքննություն իրականացնելու համար: Այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանի հարցին:
«Փորձաքննությունը տալու է մի հարցի պատասխան՝ արդյոք այն բնապահպանական ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Ամուլսարի հանքի շահագործման պարագայում, կառավարելի ե՞ն, թե՞ կառավարելի չեն, ընդունելի ե՞ն, թե՞ ընդունելի չեն: Ես սա ասում եմ պարզ: Եթե եզրակացությունը կլինի բացասական, այսինքն՝ կասվի, որ այստեղ կան բնապահպանական ռիսկեր Ջերմուկի ջրային համակարգի և Սևանա լճի համար, ուրեմն այդ ծրագիրն ընդհանրապես կփակվի: Եթե կասեն, որ այդ ռիսկերը մեծ չեն, այսինքն՝ կառավարելի են, ծրագիրը կաշխատի»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով`այս խնդիրը ձգձգվել է այն պատճառով, որ հանքը շահագործող «Լիդիան» ընկերությունը հրաժարվել է համագործակցել կառավարության հետ:
«Մամուլում այդպիսի ընկալում կա՝ վայ, Լիդիանը դիմում է արբիտրաժային միջազգային դատարան, վերջ, կորանք ազգովի: Հա, դիմում ա, դիմում ա, թող դիմի: Ի դեպ, շատ միջազգային ակտորներ կան, որ այդպես խոսում են, ասում են՝ մենք կդիմենք միջազգային դատարան ու սենց ուշադիր նայում են ու որ տեսնում ենք չենք ուշաթափվում էդ նախադասությունից, իրենք են սկսում ճնշել՝ ոնց, էդ դուք մեզնից չեք վախո՞ւմ: Չէ, չենք վախում: Էդ դուք մեզնից պետք է վախենաք, եթե վախենալու բան կա, ոչ թե մենք ձեզնից», – հայտարարեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց կառավարության դիրքորոշումը․
«Եթե դուք հիշում եք, ես գնացի Ջերմուկ, հավաքեցի բոլորին, ասացի, ժողովո՛ւրդ ջան, եկե՛ք եռակողմ աշխատենք, որ գանք փաստերի վրա հիմնված եզրակացությունների: Իմ խնդիրը ի՞նչն է, որ ես չունեմ որևէ հենք, որի վրա որոշում կայացնեմ, որովհետև մեր մասնագետներն էլ են ընդունում, կառավարությունն էլ է ընդունում, բնապահպանության նախարարությունն էլ է ընդունում, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համակարգում կան բացեր, կան խոցեր: Ես հրավիրել եմ բնապահպանության նախարարին, հարց եմ տվել՝ հիմա այս ՇՄԱԳ-ը կա, Դուք անձամբ երաշխավորում ե՞ք, որ այն, ինչ այստեղ գրված է ճիշտ է, նա ասել է՝ ոչ, ես չեմ կարող երաշխավորել: Հետևաբար, առաջացել է անհրաժեշտություն հրավիրել փորձաքննություն, որը կլինի մեր գործելու հիմքը: Ես չեմ ուզում, չեմ կարող մոտավորապեսով կամ աչքաչափով որոշում կայացնել: Ինչ որ կլինի այդ եզրակացության մեջ, կառավարությունն այն կյանքի կկոչի»,- եզրափակեց վարչապետը: