fbpx
Խորհրդարան

Իրան-ԵԱՏՄ առևտրային գոտու ստեղծումը բխում է Հայաստանի շահերից․ Փաշինյան

Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև կնքված ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված համաձայնագիրը բխում է մեր երկրի շահերից: Իսկ տեղական արտադրության ապրանքատեսակները չեն կարող զիջել ցածր մաքսատուրքերով ներմուծվող ապրանքատեսակներին, եթե արտադրողները, գյուղացիները իսկապես լավ աշխատանք կատարեն: Այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հետաքրքրվեց, թե համաձայնագրով հնարավո՞ր է, արդյոք, որ որոշ ռիսկեր ստեղծվեն Հայաստանում գյուղատնտեսության և ջերմոցային ոլորտի տնտեսավարողների համար: «Արդյոք համաձայնագրի հիմքում կա՞ն կոնկրետ հաշվարկներ, թե, օրինակ, ինչ կարժենա 1 կգ կարտոֆիլը, եթե այն Իրանից հասնի Հայաստան»,-հարցրեց պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց` ազատ առևտրի համաձայնագիրը ոչ միայն այն մասին է, որ Իրանից կարող են ապրանք ներմուծել Հայաստան, այլև Հայաստանից արտահանել Իրան: «Հետաքրքիրն այն է, որ 3-միլիոնանոց շուկան պայմանագիր է կնքում պայմանականորեն 80-միլիոնանոց շուկայի հետ, և առաջին ռեակցիան այն է, որ կարող է այնտեղից կարտոֆիլ բերեն, ու մեր կարտոֆիլի գինը էժանանա: Մենք տարեկան 100 հազար տոննա կարտոֆիլ արտահանելու պոտենցիալ ունենք, որը չենք կարողանում արտահանել: 80-միլիոնանոց շուկան բացում ենք մեզ համար ու ասում, թե մեր 3-միլիոնանոց շուկան կարող է գրավեն: Եթե չաշխատենք, այո, կարող են գրավել»,-նկատեց Փաշինյանն ու շեշտեց` գյուղատնտեսության ոլորտում մտավոր աշխատանքի բաղադրիչը պետք է մեծանա և ֆիզիկական աշխատանքի բաղադրիչը` փոքրանա։

Նա նշեց, որ կոնկրետ հաշվարկներ չկան, թե Իրանից ներկրվող կարտոֆիլը որքան կարժենա, սակայն վստահեցրեց` կան հաշվարկներ, որ այդ պայմանագիրը ձեռնտու է Հայաստանին և բխում է ՀՀ շահերից:

Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև ազատ առևտրի գոտի ձևավորելուն ուղղված համաձայնագիրը ՀՀ ազգային ժողովը վավերացրել է մարտի 27-ի նիստում: Այդ համաձայնագրով Իրան արտահանման համար մի շարք ապրանքատեսակների մաքսատուրքերը նվազեցվելու են, Իրանից Հայաստան ներմուծման համար ևս որոշ մաքսատուրքեր կնվազեցվեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ