Կառավարությունը հավանություն տվեց 2019-2024թթ. տավարաբուծության զարգացման ծրագրին, որով տնտեսվարողներին խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու համար առաջարկվող վարկավորումը մասնակիորեն կսուբսիդավորվի պետության կողմից:
Ծրագրի համաձայն` ֆինանսական միջոցները կհատկացվեն 5 տարի ժամանակով, առավելագույնը 12 տոկոսով, որից 10 տոկսային կետը սուբսիդավորվելու է, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին ու գյուղոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին տոկոսները կսուբսիդավորվեն ամբողջությամբ:
«Ձեռք բերվող 1 գլուխ խոշոր եղջերավոր կենդանու հաշվարկային արժեքը 1 մլն դրամ է, իսկ ընդհանուր 1 շահառուի ֆինանսավորման առավելագուն չափը 300 մլն դրամ է: Այսինքն` յուրաքանչյուր տնտեսվարող կարող է ձեռք բերել մինչև 300 գլուխ անասուն: 2019-2024թթ. ընթացքում նախատեսվում է, որ ձեռք կբերվի 10.000 գլուխ սեռահասակային տարբեր խմբի խոշոր եղջերավոր տոհմային կենդանիներ», – նշեց գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը: