fbpx
Զինված Ուժեր

Դավիթ Տոնոյանի ելույթը ՄԱԿ-ում

Մարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության համաժողովին և հանդես եկել ելութով:

Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարարը նշել է.

«Պարոն գլխավոր քարտուղար, պարոն նախագահող, Ձերդ Գերազանցություններ

Այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է ընձեռում քննարկելու այն ուղիները, որոնցով մենք կարող ենք միասին առավել զորեղ և արդյունավետ աշխատել խաղաղապահության ուղղությամբ:

Համատեղ պատասխանատվության ոգով Հայաստանը մեծապես ընդլայնում է իր ներգրավվածությունը ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի մանդատով մի շարք խաղաղության և կայունության պահպանման գործողություններում, այդպիսով ուղղակիորեն ուժեղացնելով միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդումը՝ ներառյալ Լիբանանում ՅՈՒՆԻՖԻԼ և ՄԻՆՈՒՍՄԱ առաքելություններում: Հայաստանը ուժեր է տրամադրում ՆԱՏՕ-ի առաքելություններին Կոսովոյում և Աֆղանստանում։ Մենք հետևողական աջակցություն և հանձնառություն ենք ցուցաբերում ճգնաժամի հետևանքով տուժած տարածքներում տևական փոփոխության հասնելուն, ինչի դրսևորումն է մեր ռուս գործընկերների հետ համագործակցությամբ և ի պատասխան սիրիական իշխանությունների ու հայ համայնքի խնդրանքի Սիրիայում մեր ամենավերջին ազգային մարդասիրական առաքելության տեղակայմամբ, որում ընդգրկված են բժշկական անձնակազմ և ականազերծող մասնագետներ:

Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից և վերահաստատել Հայաստանի շարունակական հանձնառությունը՝ նպաստելու միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու միջազգային ջանքերին, ինչպես նաև աջակցելու Գլխավոր Քարտուղարի բարեփոխումների օրակարգին: Ներկայում մենք աշխատում ենք 2-րդ մակարդակի հոսպիտալի և ինքնաշեն պայթուցիկ միջոցների վնասազերծման կարողությամբ ինժեներական ստորաբաժանման ստեղծման ուղղությամբ՝ անհրաժեշտության դեպքում աջակցելու ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին։ Այս առաջարկ-հայտերը պատշաճ կերպով հայտարագրվել են, և ակնկալում ենք համապատասխան ստուգման ընթացակարգերի ավարտին պաշտոնապես բարձրացնելու մեր կարողությունները՝ դարձնելով դրանք հնարավորինս արագ տեղակայելի:

Մեր գործընկերների, մասնավորապես՝ ԱՄՆ գործընկերների աջակցության շնորհիվ մենք զարգացնում ենք ազգային խաղաղապահ ուսումնական կարողությունները՝ ապահովելու մեր ուժերի պատշաճ պատրաստվածությունը նախքան խաղաղապահ առաքելություններում տեղակայումը: Նպատակ ունենք այս ուսումնական կարողությունը դարձնելու միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն և այն մատչելի դարձնել այլ երկրների խաղաղապահների համար:

Կցանկանայի հավելել, որ անցյալ ամիս ՀՀ կառավարությունն ընդունել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1325 բանաձևի իրականացման գործողությունների ազգային ծրագիրը: Փաստաթղթում առաջնահերթություն է տրվում կանանց վերապատրաստման և կարիերայի զարգացման հնարավորությունների ընդլայնմանը՝ խաղաղության պահպանման, ինչպես նաև խաղաղության ամրապնդման ուղղված աշխատանքներում իրենց ներգրավածությունը մեծացնելու հեռանկարով:

Մենք արդեն ունենք Կոսովոյում ԿՖՈՐ և Աֆղանստանում՝ Վճռական աջակցություն առաքելություններում տեղակայված կին զինծառայողներ, ավելի մեծ թվով կանայք շուտով կտեղակայվեն ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում 2019թ. ամռանը նախատեսվող հաջորդ հերթափոխի ընթացքում՝ Միացյալ Ազգերի կողմից սահմանված 15% թիրախը ապահովելու նպատակով։

Պարոն նախագահող

Հոկտեմբերին Հայաստանը մայրաքաղաք Երևանում հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, որը համախմբել էր 84 անդամ պետությունների, դիտորդների և ասոցացված անդամների։ Գագաթաժողովի եզրափակիչ փաստաթուղթը՝ Երևանի հռչակագիրը, ի թիվս Ֆրանկոֆոնիայի շրջանակներում այլ ոլորտներում համագործակցության, ճանաչում է ՄԱԿ-ի և տարածաշրջանային կազմակերպությունների կողմից ֆրանսախոս երկրներում խաղաղապահ գործողությունների արդյունավետության բարձրացման կարևորությունը և կոչ է անում շարունակել ջանքերը ֆրանսախոս անձնակազմի կարողությունների զարգացման ուղղությամբ։ Այս համատեքստում գոհունակությամբ նշում եմ, որ Ալյանս Ֆրենսեզի աջակցությամբ Հայաստանը նախաձեռնում է լեզվի ուսուցման հատուկ ծրագիր խաղաղապահների համար, և քայլեր ենք ձեռնարկում ֆրանսերեն թարգմանիչների պատրաստման համար՝ աջակցելու խաղաղապահ գործողություններին:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ