fbpx
Հասարակություն

Երևանում տրվել է «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի պաշտոնական մեկնարկը

Երևանում այսօր պաշտոնապես ազդարարվել է «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի մեկնարկը, որն իրականացնում է Եվրոպայի խորհուրդը՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համագործակցությամբ ու Ավստրիական զարգացման համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ:

Ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը` նպաստելով արդյունավետ, հաշվետու և թափանցիկ տեղական ինքնակառավարման մարմինների զարգացմանը: Այն կաջակցի Հայաստանի իշխանություններին ապակենտրոնացման ոլորտի օրենսդրության մշակման հարցում՝ միևնույն ժամանակ զարգացնելով խոշորացված համայնքների կարողությունները՝ ապակենտրոնացմանն ավելի լավ պատրաստված լինելու նպատակով:

Ծրագիրը մշակվել է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ. ծրագրի շրջանակներում և կգործի մինչև 2021թ. ավարտը: Բյուջեն կազմում է 1 500 000 եվրո:

Ծրագրի արդյունքում քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների որակը կբարելավվի: Համայնքապետարանները ձեռք կբերեն համապատասխան կարողություններ՝ իրենց ինստիտուցիոնալ կառույցները զարգացնելու, քաղաքացիական մասնակցությունը բարելավելու, կանանց մասնակցային կարողությունների հզորացմանը նպաստելու և լավ կառավարման սկզբունքները մասնագիտորեն ըմբռնելու և կարևորելու համար:

Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել են ծրագրի պլանավորած գործողությունները, ինչպիսիք են՝ համայնքների խորհրդատվական նախաձեռնությունները, դասընթացները, էլեկտրոնային դասընթացը և խոշորացված համայնքների համար նախատեսվող փոքր դրամաշնորհային ծրագիրը: Հիմնական շահագրգիռ կողմերը քննարկել են տեղական մակարդակում լավ կառավարումը խթանելու մարտահրավերները և հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանում խոշորացմանն ուղղված բարեփոխումների նախորդ փուլից քաղած դասերը և կուտակած փորձը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ