Կենսաբանական գիտությունների դոկտոր Մարիամ Ավագյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանում առկա թունաքիմիկատների խնդրին.
«Իրենց բացասական ազդեցությամբ կամ իմունային համակարգն ընկճող բացասական ազդեցությամբ հայտնի են պեստիցիդները կամ թունաքիմիկատը, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության մեջ: Փորձագիտական հաշվարկով, 1962 թվականից այս կողմ, ուղիղ 40 անգամ մեծացել է թունաքիմիկատների գնման պրոցեսը»,- ասել է Ավագյանը՝ հավելելով, որ գետերում և լճերում կատարած ուսումնասիրության արդյունքում հայտնաբերել են թույլատրելի խտությունը գերազանցող ԴՏՏ-ի, լինդանի, հեպտաքլորի կոնցենտրացիաներ:
Մարիամ Ավագյանը նշեց, որ հետազոտությունները ցույց են տվել, որ տարբեր համայնքներում կան այսպես ասած աղբանոցներ, որտեղ քլորօրգանական թունաքիմիկատների պարկերն ուղղակի հողով են ծածկված:
Մարիամ Ավագյանի խոսքերով`այդ հանգամանքն ուղիղ առնչություն ունի Հայաստանում քաղցկեղի տարածվածության հետ: Խնդրի մասին տեղեկացրել են կառավարությանը՝ առաջարկելով հայտնաբերել նմանատիպ աղբավայրերն ու մաքրել թունաքիմիկատներից: Ըստ Ավագյանի՝ երբ խնդիրը քննարկել են Գյուղատնտեսության նախարարությունում, այնտեղ ասել է, որ եթե դուք եք բարձրացնում հարցը, դուք էլ լուծեք: Հարևան Ադրբեջանում թունաքիմիկատների, այսպես ասած, գերեզմանները գտնում ու մաքրում են: