ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն ստուգումներ է անցկացնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող Առինջ մոլում: Այս մասին հայտնել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Հարկային մարմիններն արդեն մի քանի ժամ շարունակ է` ստուգումներ են անցկացնում: Ինչ-որ հաղորդագրություն են ստացել, որը, սակայն, իրականության հետ որևէ աղերս չունի: Այնտեղ պայմանագրով տարածքի հետ կապված վարձատրության գումարի մասին է խոսքը, որ մեկ քառակուսի մետր տարածքի համար նախատեսված է 800 դրամ, իրենք ինչ-որ տեղեկատվություն ունեն, որ իրականում ավելի շատ է այդ գումարը գանձվում: Բայց ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:,- ասաց Տոնոյանը:
Իվետա Տոնոյանը հավելեց, որ երեք տարի շարունակ այդ տարածքներն անվճար են տրամադրվել առևտրականներին, և վերջերս են միայն կնքվել վարձակալության պայմանագրեր, որոնցով նախատեսված է մեկ քառակուսի մետրի համար 800 դրամ վճարել: