Ապրիլի 6-10-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթանում էր Միջխորհրդարանական Միության 140-րդ Վեհաժողովը, որին մասնակցում էր ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը:
«Ապրիլի 6-10-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթանում էր Միջխորհրդարանական Միության (IPU) 140-րդ Վեհաժողովը, որին մասնակցում էին ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: Պատվիրակության անդամները բավականին ակտիվ շփումներ ունեցան տարբեր երկրների խորհրդարանականների հետ՝ ամրապնդելով երկկողմ կապերը և ուրվագծելով ապագա համագործակցության հեռանկարները: Պետք է առանձնահատում նշել, որ մեր ընդդիմադիր գործընկերներ Շաքե Իսայանի ու Սրբուհի Գրիգորյանի հետ բավականին համագործակցված աշխատանքներ տարանք՝ ևս մեկ անգամ վերահաստատելով, որ Հայաստանի շահը վեր է քաղաքական պատկանելիությունից:
ԱԺ նախագահը արդյունավետ հանդիպումներ ունեցավ Իրանի, Բելգիայի խորհրդարանների ղեկավարների ու մի շարք այլ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ: Քննարկումների ժամանակ ցույց տվեցինք, որ ժողովրդավարական Հայաստանի պատվիրակությանը հետաքրքիր են ոչ միայն այն խնդիրները, որոնք ուղղակի առնչվում են մեր երկրին, այլ նաև գլոբալ հիմնախնդիրները, որոնք առկա են աշխարհի տարբեր անկյուններում:
Պատվիրակության անդամները առանձին ու արդյունավետ հանդիպում և քննարկում ունեցան Քաթարի հայ համայնքի հետ, որտեղ բարձրացվեցին սփյուռքին, կրթությանը, տնտեսությանը և տարբեր ոլորտներին առնչվող մի շարք հարցեր», ասել է Հովհաննես Հովհաննիսյանը: