fbpx
Քաղաքականություն

Դեսպան Փոլադյանը հանդիպում է ունեցել Իրաքի մուսուլմանական հոգևոր առաջնորդների հետ

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյան ապրիլի 15-ին դեսպանությունում ընդունել է Իրաքի Կրոնական ազգային խորհրդի նախագահ Շեյխ Յուսեֆ ան-Նասրիին, Իրաքի կառավարությանը կից Համակեցության և համայնքային խաղաղության մշտական հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև՝ նրանց ուղեկցող հոգևորականների պատվիրակությանը։

ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում մուսուլմանական հոգևոր առաջնորդները ներկայացրել են Իրաքում ազգային և կրոնական միջհամայնքային փոքրամասնությունների համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքները՝ ընդգծելով իրաքահայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու Իրաքի թեմի անգնահատելի դերն այս գործում՝ հատկապես պատերազմական և դրան հաջորդած ժամանակահատվածում։

Հոգևոր առաջնորդների հետ հանդիպմանը քննարկվել են նաև Հայոց ցեղասպանության հետ առնչվող հարցեր։ Իրաքի Կրոնական ազգային խորհրդի նախագահ Շեյխ Յուսեֆ ան-Նասրին, խստորեն դատապարտելով Օսմանյան կայսրությունում իրականացված անմարդկային ոճրագործությունը, ընդգծել է, որ թուրքական ներկա իշխանությունները, հանուն իրենց սերունդների, պետք է հայցեն հայ-ժողովրդի ներողամտությունը կատարվածի համար։

Հանդիպման վերջում հոգևոր առաջնորդները փոխանցել են իրենց ողջույններն ու բարեմաղթանքները Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ շեշտելով Իրաքում կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրաքյան իշխանությունների պետական հոգածությունը՝ կարևորելով հատկապես Իրաքի բազմազգ և բազմակրոն խճանկարում երկու ժողովուրդների միջկրոնական համերաշխությանն ուղղված կապերի զարգացման անհրաժեշտությունը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ