fbpx
Իրավական

Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործի քննությունը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում այսօր դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով նախնական դատական նիստը:

Դատական նիստին, սակայն, բացակայում էր պատասխանող Սիլվա Համբարձումյանը։ Դատարանը տեղեկացրեց, որ վերջինիս ծանուցումը կատարվել է վարչական շրջանի ղեկավարի միջոցով, որտեղից մինչ օրս պատասխան չի ստացվել։

Հայցվոր կողմը, ի դեմս փաստաբան Արամ Օրբելյանի, դատարանին տրամադրեց Սիլվա Համբարձումյանի բնակության վայրի երկու հասցեներ, որոնք վերջինս նշել է քրեական գործի շրջանակներում հարցաքննվելու ժամանակ, որպեսզի դատարանը կարողանա պատշաճ կերպով ծանուցել նրան, ու դատական նիստին կողմերի ներկայությունն ապահովվի։

Դատարանը համարեց, որ Սիլվա Համբարձումյանի՝ դատարան ներկայանալու ծանուցումը չի կարող համարվել պատշաճ, ու որոշեց ողջամիտ ժամկետով հետաձգել դատական նիստը՝ անհրաժեշտ համարելով նաև Սիլվա Համբարձումյանին հրապարակայնորեն ծանուցել դատարան ներկայանալու անհրաժեշտության մասին։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2019թ. սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին։ Այսինքն՝ դատարանը ողջամիտ ժամկետ համարեց դատական նիստը 5 ամսով հետաձգելը։

Հայցվոր կողմն առարկություն ուներ դատական նիստը 5 ամիս հետո նշանակելու հարցում՝ համարելով, որ հրապարակային ծանուցում կարելի է կատարել նաև 1 ամսվա ընթացքում, սակայն դատարանն իր որոշումը չփոխեց։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը հայցադիմում է ներկայացրել դատարան զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով: Հայցադիմումը դատարան է մուտք եղել 2018 թվականի նոյեմբերի 13-ին, այն ներկայացնելու հիմք է հանդիսացել Սիլվա Համբարձումյանի կողմից 02.11.2018 թվականին «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ հնչեցված հետևյալ արտահայտությունը. «Ես 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ և ինձ չխանգարելու համար վճարել եմ և՛ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին, և՛ …»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ