fbpx
Իրավական

Էդմոն Մարուքյանը՝ ՍԴ դատավորի թեկնածուի ծրագրի քննարկման մասին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանի ծրագրի քննարկումից հետո ասաց, որ զարմացած է քննարկումների ընթացքից ու շեշտադրումներից:

«Ես զարմանում եմ, թե ինչու ենք այստեղ քննարկում այդ հարցը: Դա դարձել է նեգատիվ բան. հանրապետության նախագահը՝ սահմանադրական մի մարմին, իր իրավասություններով խորհրդարանին է ներկայացրել թեկնածություն, խորհրդարանը՝ իշխանության մյուս թևը, գրանցել է թեկնածուին՝ որպես թեկնածու: Ես զարմանում եմ, որ դա քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներն են վիճարկում: ԱԺ ղեկավարությունը գրանցել է որպես թեկնածու, ես, վստահելով ԱԺ ղեկավարությանը, նրան արդեն դիտարկում եմ որպես թեկնածու, չենք ասում՝ ախպեր, էս ստաժիդ 40 օրը չի համապատասխանում, չգիտեմ ինչ»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով քննարկումների երկրորդ մասին՝ Էդմոն Մարուքյանն ասաց, որ ստացած տպավորությունը իրեն մի անեկդոտ է հիշեցնում:

«Անեկդոտ կա, ասում է՝ նավաբեկություն է լինում, նավը խորտակվում է, փրկված մի քանի հոգի տեսնում են՝ մի փոքր հնարավորություն կա՝ փոքր բան է գալիս, ասում են՝ խնդրում ենք, մեզ էլ վերցրեք, բայց տեղ չունեն, 3 հոգու տեղ ունեն, իրենք էլ 5 հոգի են ջրի մեջ: Առաջին մաթեմատիկական առաջադրանքներ են տալիս, ասում են՝ 1+ 1 , 3 +2 , 4-րդին, 5-րդին որ տեղ չկա, ասում են՝ 6 մլն 744 հազարը բաժանած 7 մլն 845 հազարի ի՞նչ ա անում, նրանք էլ ասում են՝ այ ախպեր ջան, ասա՝ տեղ չունենք: Էս քննարկումը դրա նման է, կարելի է ի սկզբանե ասել, որ դեմ եք»,- ասաց նա:

Մարուքյանն ասաց, որ ինքն էլ չի կիսում թեկնածուի ֆեյսբուքյան որոշ ստատուսներ, նա իրենց համախոհն էլ չի, սակայն նկատում է՝ մյուսները թեկնածուի մեջ փնտրում են համախոհի:

«Ուզում ենք՝ մեր պատկերացրած բառերով ձևակերպում տա սահմանադրական դատարանի նախկին որոշումների վերաբերյալ, գնահատական տա Ռոբերտ Քոչարյանի գործին, ասենք՝ սա մեր համախոհն է, ընտրենք ՍԴ անդամ: Մենք կենսագրությունն ուսումնասիրել ենք, գիտենք: Ունենք լավ թեկնածու, ամենակարևորը՝ ոչ մի կապ չի ունեցել նախորդ իշխանությունների հետ, ոչ մի կապ չունի էսօրվա իշխանությունների հետ, նա կարող է լինել դասական, անկախ ՍԴ դատավոր»,- եզրափակեց պատգամավորը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ