Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում Հակոբ Արշակյանն ամփոփիչ ասուլիսի ընթացքում խոսել է Հայաստանի տրանսպորտային խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին:
«Ուղևորահոսքի հաշվարկների ճշգրտում է տեղի ունենում, որի արդյունքում ունենալու ենք ցանցի ավելի ճշգրիտ պատկեր, թե ինչ տիպի փոխադրամիջոցներ են անհրաժեշտ, ինչ քանակի, ինչ հաճախականությամբ պետք է դրանք շարժվեն: Ամբողջ ինֆորմացիան հավաքագրման ու մշակման փուլում է: Միասնական տոմսային համակարգ պետք է լինի: Մարդը պետք է կարողանա մի կետից մյուսը գնալու համար հստակ պատկերացնել, թե որտեղ պետք է իջնի, ինչ այլ տրանսպորտ նստի և երբ հասնի տեղ: Թե օպերատորների բաշխումն ինչպես տեղի կունենա, կախված է կոնկրետ ուղղությունների եկամտաբերության աստիճանից»,- ասաց նախարարը:
Հակոբ Արշակյանը նաև ներկայացրեց ավտոմեքենաների տեխնիկական զննության ուղղությամբ կատարված աշխատանքները:
Նախարարը սլայդի վրա ցույց տվեց այն համակարգը, որը ներդրված է: Համակարգին կպած են լիցենզիա ունեցող այն ընկերությունները, որոնք տեխզննություն են իրականացնում: «Այս համակարգը իր մեջ ներառում է այս պահին ամբողջ հանրապետությունով մեկ տեղի ունեցած տեխզննության արդյունքները՝ շուրջ 73 հազար ավտոմեքենայի մասով: Այս տվյալների բազայում երևում է ավտոմեքենայի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, թե որ թվականին է այն արտադրվել, որքան է շահագործվել և այլն: Այստեղ նաև նշված են թեստավորման այն տեսակները, որոնք մեքենան անցել է »,- ասաց Հակոբ Արշակյանը:
Նախարարը պարզաբանեց, որ համակարգի ամբողջ նպատակն է ունենալ ավտոմեքենաների տվյալների բազա, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ վիճակում են գտնվում ավտոմեքենաները, կարելի՞ է շահագործել, թե՞ ոչ: «Սա հնարավորություն կտա ձերբազատվել տեխզննության կտրոններից, հնարավորություն կտա տիրապետել Հայաստանում տրանսպորտային ամբողջ պարկի վիճակին, հնարավորություն կտա բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգությունը: Համակարգը պատրաստ է, դրան միացած են տեխզննության բոլոր կենտրոնները, ոլորտն ազատական է: Ցանկացած ընկերություն կարող է դիմել նախարարություն, լիցենզիա ստանալ, ինչը թույլ կտա տեխզննությամբ զբաղվել ու միանալ համակարգին»,- մանրամասնեց Արշակյանը՝ հավելելով, որ այս պահին պակասում է օրենսդրական բազան, որպեսզի կարողանան ոլորտն ամբողջովին կարգավորել:
Նրա խոսքով՝ հիմա օրենսդրական դաշտի կարգավորման փուլում են: Նախարարի կարծիքով այս տարվա մեջ կկարողանան այդ խնդիրը լուծել ու առաջ շարժվել: