Թաիլանդի Չիանգմեյ քաղաքում կայացել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլը, որում Հայաստանը ներկայացրել է Arm Cyber Kids թիմը։ Փոխանցում է itel.am-ը:
Թիմի անդամներն են քույր եւ եղբայր 12-ամյա Ինես և 11-ամյա Աշոտ Գասպարյանները, որոնք Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլի հաղթողներն են։
Հայաստանի թիմը Թաիլանդում իր տարիքային խմբում զբաղեցրել է 32-րդ տեղը՝ 104 թիմերի մեջ, ներկայացնելով ռոբոտ, որը կարող է տեսակավորել միրգն ըստ վերջինիս որակի կամ տեսքի։
Սա միջազգային մրցույթին Հայաստանի երկրորդ մասնակցությունն է։ Մրցաշարի կազմակերպիչներն ու դատավորները բարձր են գնահատել հայաստանյան թիմի պատրաստվածությունը, գիտելիքները և ինքնուրույն աշխատանքի կարողությունները։
Այս տարի մրցույթն անցկացվել է «Սնունդը կարևոր է» խորագրի ներքո և նվիրված է եղել աշխարհում թերսնուցման խնդրին։
Հայաստանում Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլն անցկացվում է 2016թ.-ից: Մրցույթի պաշտոնական կազմակերպիչը «Այբ» կրթական հիմնադրամն է։ Մրցույթի հովանավորն է «Ռոստելեկոմ» ընկերությունը, գործընկերն է Creativе Educational Technologies (CET) ընկերությունը:

