Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Twitter-ում Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցին պատկերող տեսանյութ է հրապարակել և ողջ հայությանը կոչ արել այցելել այնտեղ: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Ուշագրավ է, որ հայտարարության մեջ Ալթունը չի մոռացել հատուկ շեշտել, որ եկեղեցին վերանորոգվել է թուրքական կառավարության կողմից:
«Թուրքական կառավարության կողմից վերականգնված Աղթամար եկեղեցին (նկատի ունի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին-խմբ.) մեր ժողովուրդների հարուստ պատմությանը և մշակութային բազմազանությանը վերաբերող ապացույցն են: Հայ հասարակության ողջ անդամներին հրավիրում ենք այցել այս համաշխարհային ժառանգության հուշահամալիրը», – գրել է Ալթունը:
Հիշեցնենք, որ հայ ժողովրդի համար պատմական նշանակություն ունեցող Սուրբ Խաչ եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվել էր 2010 թվականին և բացվել թանգարանի կարգավիճակով: Եկեղեցու վերանորոգումից հետո հայ համայնքը տարին մեկ անգամ այնտեղ պատարագ անցկացնելու թույլտվություն ունի:
Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 915-921թ. ճարտարապետ Մանվելի կողմից Վասպուրականի թագավոր Գագիկ 1-ինի հրամանով:
The Akdamar Church, restored by Turkish government, is a testament to our nation’s rich history and cultural diversity.
We invite all members of the global Armenian community to visit this world heritage site. pic.twitter.com/iqfKI7OdG3— Fahrettin Altun (@fahrettinaltun) April 24, 2019