Facebook սոցցանցն արգելափակել է «Իսլամի ազգ» արմատական կազմակերպության առաջնորդ Լուիս Ֆարահանի, տեսաբան Ալեքս Ջոնսի և էլի մի քանի ուլտրաաջ ակտիվիստների էջերը: Սոցցանցի ղեկավարությունը հայտարարել է, որ նրանք զբաղվում են ատելության տարածմամբ։
«Facebook-ում տեղ չունեն մարդիկ և կազմակերպություններ, որոնք ատելություն են տարածում` անկախ գաղափարախոսությունից»,- նշված է ընկերության մամուլի քարտուղարի հայտարարության մեջ:
Ընկերությունից չեն հստակեցրել, թե կոնկրետ որ հրապարակումներն են դարձել արգելափակման պատճառ: Ալեքս Ջոնսը հայտնի է դարձել տեսության շնորհիվ, որի համաձայն` 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների հետևում կանգնած են եղել ամերիկյան իշխանությունները: Դրանից բացի` նա Սենդի Հուք դպրոցում զանգվածային հրաձգության բեմադրված բնույթի տեսության հեղինակն է:
Ջոնսը զայրույթով է արձագանքել Facebook-ի գործողությանը՝ վերջինիս մեղադրելով «զրպարտության» մեջ:
Մեկ այլ ուլտրաաջ մեկնաբան Փոլ Ջոզեֆ Ուոթսոնին սոցցանցը մեղադրել էր ռասիզմի և իսլամատյացության մեջ: Ուոթսոնը հայտարարել էր, որ չի խախտել Facebook-ի կանոնները:
Ֆարահանին, որը աֆրոամերիկյան ազգայնական «Իսլամի ազգ» խմբավորման վետերան է, վաղուց են մեղադրում հակասեմիթիզմի և աֆրոամերիկյան անջատողականության մեջ: Նա Facebook-ի գործողությանը ոչ մի կերպ չի արձագանքել:
Սոցցանցն արգելափակել է ևս մի քանի հայտնի ուլտրաաջ ակտիվիստների էջեր: Նրանց թվում են Փոլ Նելենը, Լորա Լումերը և Մայլո Յանոպուլոսը: