fbpx
Իրավական

Ռադիոակտիվ աղբյուրների բացահայտման ու միջուկային անվտանգության թեմայով սեմինար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինտերպոլի գլխավոր քարտուղարության և Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի նախաձեռնությամբ մայիսի 6-ից 7-ն անցկացվեց ռադիոակտիվ աղբյուրների բացահայտման ու միջուկային անվտանգության թեմայով սեմինար:

Բանախոսներն էին՝ Ինտերպոլի քարտուղարության ռադիոակտիվ և միջուկային անվտանգության հարցերով ստորաբաժանման ավագ մասնագետ Ռադեկ Հլավաչկան, ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի միջուկային անվտանգության հարցերով փորձագետ Լիզ Դալասը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան սահմանային անվտանգության և վերահսկողության ծրագրերի ներկայացուցիչ Արմեն Թովմասյանը:

Մասնակցում էին ինչպես ոստիկանության մի շարք ստորաբաժանումների, այնպես էլ պետական եկամուտների կոմիտեի, արտակարգ իրավիճակների նախարարության, ազգային անվտանգության ծառայության, միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի և «ՀՀ փորձաքննությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի ծառայողներ ու աշխատակիցներ:

Միջոցառման նպատակն էր՝ ստեղծել հարթակ միջուկային անվտանգության ոլորտում Ինտերպոլի ուղիներով միջազգային համագործակցություն ապահովելու համար:

Քննարկվեցին ՀՀ սահմանային անցակետերում ռադիոակտիվ և միջուկային անվտանգության, դրանց բացահայտման, անվտանգության ապահովման գործում Ինտերպոլի դերի ու առաջարկվող ծառայությունների, ինչպես և համագործակցության ընդլայնման մասին հարցեր:

Ներկայացվեցին Հայաստանում անցկացվող սահմանային անվտանգության միջոցառումների, Հայաստանի սահմանային անցակետերում միջուկային անվտանգությանն ու բացահայտումներին ուղղված հնարավարությունների, առկա մարտահրավերների և միջուկային անվտանգությանն ուղղված օպերացիաներում Հայաստանի իրավապահ մարմինների ներգրավվածության մասին դասախոսություններ:

Միջոցառման շրջանակում ՀՀ և ԱՄՆ շահագրգիռ գերատեսչությունների և Ինտերպոլի ներկայացուցիչների խումբն այցելեց Բավրայի սահմանային անցակետ՝ նախատեսվող գործառնական վարժանքի իրականացման նպատակով տեղում ծանոթանալու և քննարկելու կազմակերպչական բոլոր մանրամասները:

Ամփոփմանը ձեռք բերվեց համաձայնություն այս տարի Հայաստանում անցկացնել ռադիոակտիվ աղբյուրների բացահայտմանն ու միջուկային անվտանգությանն ուղղված գործառնական վարժանք:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ