Գրիգոր Խաչատրյանի «Սասունցիների պարը» բալետային ներկայացմամբ Նոր Նորքի հայորդաց տան սաները հաջողությամբ են հանդես եկել Ստամբուլի օպերային թատրոնում` արժանանալով ոչ միայն հայ, այլև օտարազգի արվեստասերների ծափողջյուններին:
Մայիսի 7-ի ներկայացմանը ներկա են եղել Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, Թուրքիայի քաղաքապետը և այլոք: «Հանդիսատեսի վաթսուն տոկոսը հայեր էին, մնացյալը` այլազգիներ: Ստամբուլի քաղաքապետը, ներկայացումը դիտելուց հետո ասաց, որ Հայաստանից այս ներկայացման միջոցով հայերն իրենց հետ սեր են բերել»,- նշում է Գրիգոր Խաչատրյանը:
Ըստ նրա՝ դահլիճում ներկա մարդիկ, որոնք չէին տիրապետում հայերենին, հասկացել են այն: Գևորգ Էմինի «Սասունցիների պարը» պոեմի հիման վրա բեմադրված բալետային ներկայացման երաժշտությունը գրել է կանադաբնակ կոմպոզիտոր Մաժակ Թոշիկյանը:
«Լավ է, որ Թոշիկյանը հայ գրողի ստեղծագործությունն է վերածել երաժշտության, որը շատ ճկուն է և բեմադրիչի համար լայն հեռանկարներ է բացում»,-ասաց Խաչատրյանը:
«Սասունցիների պարը» ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել նախորդ տարվա սեպտեմբերին Գյումրիի Մայր թատրոնում:
Գրիգոր Խաչատրյանի խոսքով` նախատեսվում է ներկայացումը հանձնել նաև Ստեփանակերտի արվեստասերների դատին։
Ներկայացման խորեգրաֆներն են Արա Ասատուրյանը և Արման Ջուլհակյանը: Բեմադրության մեջ որպես պատմիչ հանդես է գալիս երգչուհի Գոհար Հովհաննիսյանը: