fbpx
ՏՏ

Հակոբ Արշակյանը հանդիպել է ՉԺՀ տրանսպորտի նախարարի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակության կազմում Չինաստանում գտնվող ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ տրանսպորտի նախարար Լի Սիաոփենգի հետ։ Հայտնում է ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական կայքը։

Լի Սիաոփենգը Հակոբ Արշակյանին է ներկայացրել Չինաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված գործունեությունը, պատրաստակամություն հայտնել համագործակցելու մի շարք ուղղություններով։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերը, դրանցում կարևորելով հատկապես «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» կառուցումը։ Նա նշել, որ հանդիպում է ունեցել նաև Չինաստանի երկաթուղային կազմակերպության («China Railway Group») ղեկավարության հետ, որոնք հետաքրքրված են Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերով և ցանկություն ունեն ներգրավվելու «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով» իրականացվելիք շինարարության աշխատանքներում։

Նախարարը ընդգծել է «Հյուսիս-հարավի» ռազմավարական նշանակությունը տարածաշրջանի և Հայաստանի համար, ինչպես նաև՝ այն որպես «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ծրագրի մի մաս դիտարկելու կարևորությունը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Չինաստանի և Հայաստանի միջև ուղիղ չվերթների հարցին, Հայաստանի տարածքով դեպի Չինաստան միջազգային տարանցիկ բեռնափոխադրումների թույլտվությունների ազատականացման խնդրին, երկու երկրների միջև բեռնափոխադրումներն ակտիվացնելու նպատակով համապատասխան համաձայնագիր ունենալու անհրաժեշտությանը։ Քննարկվել են նաև մեր երկրի ճանապարհաշինական ծրագրերում չինական կազմակերպությունների ընգդրկվելու հնարավորությունները։

Կողմերը, դրական գնահատելով հանդիպման արդյունավետությունը, նշել են, որ այն կնպաստի երկու երկրների նախարարությունների միջև գործունեության ակտիվացմանը, գործակցային կապերի ամրապնդմանը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ