fbpx
Երևան

Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի համար կհայտարարվի բաց մրցույթ

Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած նոր աղբատար մեքենաները մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցով աղբահանության աշխատանքներ են իրականացնում: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցել են, որ ընտրվում են այն վարչական շրջանները, որտեղ այդ պահին աղբահանությունը խնդրահարույց վիճակում է: Այս կերպ հնարավորություն է ստեղծվել մայրաքաղաքում հնարավորինս շտկել աղբահանության կազմակերպման հետ կապված ներկա վիճակը: Առաջիկայում քաղաքը ձեռք կբերի ևս առնվազն 20 աղբատար: Անդրադառնալով «Սանիթեք» ընկերության աշխատանքին՝ քաղաքապետ Մարությանը հերթական անգամ հորդորել է կատարել պայմանագրային պարտավորությունները, թարմացնել ավտոպարկն ու ապահովել աղբամանների անհրաժեշտ քանակը:

«Դուք բացառապես չեք հասցնում այս քաղաքը սպասարկել: Իրապես, բացի նոր բերած 200 աղբամաններից, ես քաղաքում չտեսա մի աղբաման, որը կարող էինք թողնել: Բոլորը փոխելու ենթակա են: Մենք ձեզանից ունենք նամակ, համաձայն որի 1500 աղբաման պետք է բերվեր և կար ստույգ գրաֆիկ դրա հետ կապված: Եվս մեկ անգամ կհորդորեմ, որ բերեք նոր աղբամաններ, նոր ավտոմեքենաներ, որպեսզի կարողանաք սպասարկել Երևանը: Այս պարկով, այս աղբամաններով Երևանը հնարավոր չէ բավարար կերպով սպասարկել»,- ընդգծել է քաղաքապետը:
Զեկուցվել է նաև, որ աղբատար մեքենաների բնականոն և անխափան աշխատանքն ապահովելու նպատակով Նուբարաշենի աղբավայրում իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ:
«Կարծում եմ՝ սա լավագույն այն օրինակն է, թե քաղաքային իշխանություններն ինչպես են ստեղծում պայմաններ, որպեսզի բոլոր ընկերություններն աշխատեն հանգիստ և նորմալ: Խոսքը միայն «Սանիթեք» ընկերության մասին չէ, կան հարյուրավոր ընկերություններ, որոնք օգտվում են աղբավայրից», – ասել է քաղաքապետը:

***
Թափառող կենդանիների խնդրի վերաբերյալ զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանը ՀՀ կառավարությունից կենդանիների թմրեցման համար անհրաժեշտ դեղորայք ձեռք բերելու հավաստագիր է ստացել: Արդյունքում՝ նախորդ շաբաթ արդեն իսկ 62 շուն է ստերջացվել: Առաջիկա շաբաթներին քանակը կավելանա. նախատեսվում է աշխատանքները կազմակերպել նաև երկհերթ գրաֆիկով:

***
Երևանի 2019թ. բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում քաղաքապետարանի կարիքների համար հայտարարվել է 748 գնման ընթացակարգ: Քաղաքապետին զեկուցվել է, որ արդեն իսկ ամփոփվել են 554 գնման ընթացակարգերը, որոնց արդյունքում ընդհանուր առմամբ կնքվել են 8 մլրդ 614 մլն դրամի պայմանագրեր՝ 10 մլրդ 415 մլն դրամ նախահաշվային արժեքի դիմաց. տնտեսումները կազմել են 1 մլրդ 801 մլն դրամ:
Քաղաքապետ Մարությանն ընդգծել է, որ քաղաքապետարանն ուշադիր է լինելու մրցույթում շահած բոլոր ընկերությունների կատարած աշխատանքի որակի հարցում:
«Մարդիկ գալիս են, մասնակցում են՝ առանց գիտակցելու՝ ուր են մտնում, ինչ են անում, ինչ ծավալի գործ են իրենց վրա վերցնում, և վերջում պարզվում է, որ չեն կարողանում իրականացնել, և քիչ չեն այդ ընկերությունները, որոնք մեզ համար բավականին խնդիրներ են առաջացնում: Մեր կատարողականները հետ են ընկնում, այսինքն մենք չենք կարողանում այն, ինչ պլանավորել էինք նախատեսված ժամկետներում, իրականացնել»,- նշել է քաղաքապետը:
Գնումների ընթացակարգերի օրենսդրական խոչընդոտների վերացման ուղղությամբ քաղաքապետարանը պատրաստել է առաջարկությունների փաթեթ, որով կխստացվեն մրցույթներում հաղթած ընկերությունների կողմից պայմանների խախտման հետևանքները: Նախատեսված են նաև երաշխիքների շեմի նվազեցումներ մինչև հնարավոր նվազագույն սահմանը, ինչպես նաև տույժերի չափաբաժինների ավելացում՝ մինչև 100 %-ով:

***
Երևանի գլխավոր ճարտարապետին հանձնարարվել է աշխատանքներ տանել մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթի կազմակերպման ուղղությամբ:

***
Հունիսի 8-ը հայտարարված է համապետական շաբաթօրյակի օր: Հանձնարարվել է աշխատանքներ տանել գործընթացը մայրաքաղաքում պատշաճ կազմակերպելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ