fbpx
Իրավական

Քոչարյանը կկալանավորվի

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կկալանավորվի. քիչ առաջ դատավոր Ռուբեն Մխիթարյանը մերժեց փաստաբանների վերաքննիչ բողոքները և ըստ էության, բավարարեց վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը՝ Քոչարյանին կալանավորելու մասին՝ փոխանցում է aysor.am-ը։

Նիստերի դահլիճից դուրս գալով՝ փաստաբան Հայկ Ալումյանը ասաց, որ Վերաքննիչ դատարանը որոշեց ուժի մեջ թողնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։

Մեր հարցին, թե երբ կարող է ի կատար ածվել Վերաքննիչ դատարանի որոշումը, Ալումյանը չպատասխանեց՝ նշելով, որ բոլոր հարցերին կպատասխանի այսօր կայանալիք ասուլիսում։

Նկատենք, որ որոշումը կարող է ի կատար ածվել այն ժամանակ, երբ կողմերն այն պաշտոնապես ստանան։ Այսինքն՝ մի քանի օր անց։

Ռոբերտ Քոչարյանը որոշման հրապարակմանը ներկա չի եղել։ Սակայն փաստաբան Ռուբեն Սահակյանն ասաց, որ Քոչարյանը չի փախչի և կներկայանա։

Հիշեցնենք՝ հինգ օր շարունակ Քոչարյանի պաշտպանական խումբը վերաքննիչ բողոքներն ու միջնորդություններ էր ներկայացնում Վերաքննիչ դատարանում: Դատախազական կազմը, որը դատարանում նախագահում էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, առարկել էր ներկայացված բոլոր բողոքներին ու միջնորդություններին:

Քոչարյանի փաստաբանները նրա կալանքի օրինականությունը կասկածի տակ դնող մի քանի բողոք էին ներկայացրել:

Հիշեցնենք նաև՝ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել էր Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի օգոստոսի 13-ի որոշումը և գործն ուղարկել նույն՝ Վերաքննիչ դատարան նոր քննության:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ