fbpx
Արցախ

ԼՂ հակամարտության հետևանքով անհետ կորածների թիվը մոտ 5000 է․ ԿԽՄԿ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհետ կորածների թիվը մոտենում է 5,000-ին, որոնցից շուրջ 1,000-ը հայեր են։ Այս տվյալները տրամադրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), որը ավելի քան 30 տարի աշխատում է տարածաշրջանում այս խնդրով։

Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ անհետ կորած անձանց ճակատագրի պարզումը ԿԽՄԿ-ի հիմնական առաջնահերթություններից է։ Նրա խոսքով՝ ԿԽՄԿ-ի առաքելությունը կենտրոնացած է երկու ուղղությամբ․

Առաջին՝ հիշեցնել կողմերին, որ միջազգային մարդասիրական իրավունքի պահանջների համաձայն՝ նրանք պարտավոր են պատասխաններ տրամադրել անհետ կորած անձանց ընտանիքներին։ Այս ուղղությամբ ԿԽՄԿ-ն աշխատում է համապատասխան իշխանությունների հետ՝ տեխնիկական աջակցությամբ և փորձի փոխանակմամբ։

Երկրորդ՝ ԿԽՄԿ-ն հավաքագրում է անհետ կորած անձանց մասին առավելագույն տեղեկատվություն։ «Տարածաշրջանում մեր գրասենյակների միջոցով մենք հավաքագրել ենք շուրջ 5,000 անհետ կորածների տվյալներ։ Նրանցից մոտ 1,000-ը հայեր են, որոնց տվյալները հավաքվել են Երևանի և Ղարաբաղի գրասենյակներից»,- նշեց Ամատունին։

Սակայն կան դեպքեր, երբ ԴՆԹ նույնականացման արդյունքները չեն ընդունվում ընտանիքների կողմից։ ԿԽՄԿ-ն աշխատում է այս ընտանիքների հետ՝ պարզելու նրանց անհանգստության պատճառներն ու աջակցելու իշխանություններին՝ արդյունքները լիովին պարզաբանելու հարցում։

Ամատունին ընդգծեց, որ ԿԽՄԿ-ն ինքը չի իրականացնում նույնականացումներ․ դա իշխանությունների և համապատասխան կառույցների գործառույթն է։ Կոմիտեն ավելի շատ կենտրոնանում է մասնագիտական կարողությունների զարգացման վրա՝ համագործակցելով դատաբժշկական փորձագիտության կենտրոնների հետ։

ԿԽՄԿ-ն նաև պատրաստ է աջակցել հակամարտության կողմերին՝ որպես չեզոք միջնորդ։ Օրինակ, կազմակերպությունը կարող է նպաստել հուղարկավորությունների հնարավոր վայրերի քարտեզագրմանը և մարդասիրական միջավայրի ստեղծմանը, որը թույլ կտա կողմերին համատեղ աշխատել անհետ կորածների ճակատագրի պարզման ուղղությամբ։

«Մենք միշտ վառ պահում ենք այս հարցը, աշխատելով թե՛ իշխանությունների, թե՛ ընտանիքների հետ։ Սակայն բուն գործողությունները մեր ձեռքում չեն, և մենք պատրաստ ենք աջակցել, եթե կողմերը պատրաստ են համագործակցության»,- ընդգծեց Ամատունին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ