fbpx
Քաղաքականություն

Փաշինյանի հակապետական դարաշրջանը՝ 1-10 սանդղակում

Նիկոլ Փաշինյանը, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, վերջին տարիներին հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որոնք բարձրացնում են պետական շահերի հանդեպ հավատարիմ լինելու հարցեր։ Այդ հայտարարությունները հաճախ չեն պարունակում ուղղակի պնդումներ, այլ ներկայացվում են որպես հիպոթեզեր կամ առաջարկներ, ինչը հնարավորություն է տալիս հետագայում պաշտպանվել քաղաքական քննադատություններից։ Նրա վերջին հարցազրույցի հայտարարությունները ներկայացնում են այդ քաղաքականությունը, որը շատերի կողմից ընկալվում է որպես «հակապետական նոր դարաշրջանի» մեկնարկ։ Եկեք 1-10 բալային սանդղակով գնահատենք այս հայտարարությունների՝ Հայաստանի պետականությանը և ազգային անվտանգությանը հնարավոր վնասի աստիճանը։

1. Երրորդ ուժերի ներկայության սահմանափակման առաջարկ
Փաշինյանը առաջարկում է երրորդ երկրների ուժերի ներկայության չեղարկումը միայն սահմանազատված հատվածներում։ Այսինքն՝ այն հատվածներում, որոնք դեռ չեն սահմանազատվել, երրորդ ուժեր թող մնան, իսկ որտեղ որ սահմանազատված է, իբրև թե այդպես ավելի անվտանգ է։ Նախ, բխում է, որ նա Եվրոպական Միության դիտորդական առաքելությանը ներկայացնում է որպես ուժեր մեր ու Ադրբեջանի սահմաններին, այլ ոչ թե դիտորդներ։ Հաջորդը, նա ՀՀ ինքնիշխան որոշումը՝ համագործակցել ում հետ մեր շահը համընկնում է, սակարկում է Ադրբեջանի հետ։ Մյուս կողմից` եվրոպական ջանքերը փոշիացում է անշնորհակալ պահվածքով։ Հակապետականության վտանգի գնահատական՝ 8/10

2. Միմյանց դեմ միջազգային ատյաններ ներկայացված հայցերի ետքաշում
Նրա համաձայնությունը միջազգային ատյաններում հայցերի ետքաշմանը Ադրբեջանին զերծ է պահելու մարդության դեմ կատարածք հանցագործությունների և մարդկանց իրավունքների խախտումների համար պատասխանատվությունից։ Սա իրավունքների զիջում է, որն անտեսում է Հայաստանի զոհերի ու զոհողությունների մասին արդարացի ու իրավական պահանջները և արդարադատության հաստատումը։ Հակապետականության վտանգի գնահատական՝ 8/10

3. Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրությունների վերաբերյալ մեկնաբանություններ
Չնայած Փաշինյանը պնդում է, որ Հայաստանի սահմանադրությունը չի պարունակում տարածքային պահանջներ, նա չի պնդում ու պահանջում, որ Ադրբեջանը հրաժարվի իր սահմանադրության մեջ ընդգրկված տարածքային պահանջներից, որոնք ընդգրկում են Հայաստանի տարածքի զգալի մասը։ Այսինքն որպես պետության ղեկավար նա չի մոտենում ՀՀ Սահմանադրության և տարածքային ամբողջականության երաշխավորի դիրքերից։ Հակապետականության վտանգի գնահատական՝ 9/10

4. Զինված ուժերի սպառնալիքների հանդեպ դիրքորոշում
Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանը ռազմական ճանապարհով չի վերադառնա իրենից օկուպացված տարածքները, կարող է ընկալվել որպես թուլություն և խրախուսել Ադրբեջանին ավելի ագրեսիվ գործողությունների։ Եթե պետությունը ներկայացնողը չունի ոչ մի ամբիցիա իր պետության ունեցվածքը վերադարձնելու ու պաշտպանելու, հարկ եղած դեպքում՝ ուժի կիրառմամբ, ապա դա հանրային անվտանգության սպառնալիք է հանդիսանում։ Հակապետականության վտանգի գնահատական՝ 9/10

5. Զինված ուժերի բյուջեների անհավասարության ընդունում
Ադրբեջանի ռազմական բյուջեն գերազանցում է Հայաստանի բյուջեն երեք անգամ, սակայն Փաշինյանի մոտեցումը զենքերի ձեռքբերման սահմանափակմանը վտանգում է Հայաստանի պաշտպանության հնարավորությունները, քանզի օժանդակողները կտեսնեն անհուսալի գործընկերոջ կամ գնորդի, կտեսնեն անհուսալի պետական ինստիտուտների, որոնք իրենց մատակարարելիք սառազինությունը կարող են հանձնել կամ չօգտագործել սեփական պաշտպանության համար։ Ավելին՝ սա հարվածում է զինված ուժերի և այլ ուժային կառույցների մարտունակությանը, ապաշտպանական համակարգերին, ինչպես նաև էլ ավելի ցածրացնում հանրության բարոյահոգեբանական վիճակը։ Հակապետականության վտանգի գնահատական՝ 8/10

6. Էսկալացիայի հավանականության զրոյի հավասարեցում
Փաշինյանի հայտարարությունը, որ էսկալացիայի հավանականությունը զրո է, եթե Ադրբեջանը հարձակվելու մտադրություն չունի, անտեսում է Ադրբեջանի անկանխատեսելի և ագրեսիվ քաղաքականությունը: Փաստացի ստեղծում է անվտանգության կեղծ պատկեր։ Ադրբեջանը, որը վերջին տարիներին մի քանի անգամ ոտնձգություններ է իրականացրել Հայաստանի ինքնիշխան տարածքում, կարող է տեսնել այս հայտարարությունը որպես գործողությունների «կանաչ լույս»։ Հակապետականության վտանգի գնահատական՝ 9/10

7. Միջանցքային տրամաբանության և տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ առաջարկներ
Նրա պնդումը, որ գտել է երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու լուծում, որը, ըստ նրա, ընդունելի է երկու կողմերի համար, ներառում է «միջանցքային տրամաբանություն», ինչը կրում է ինքնիշխանությանը սպառնալիք: Ադրբեջանի միջանցքային տրամաբանության շարունակական զարգացումը լուրջ ռիսկեր է պարունակում Հայաստանի համար, ներառյալ տարածքային ինքնիշխանության նվազեցումը: Հակապետականության վտանգի գնահատական՝ 8/10

8. Խաղաղության պայմանագրի վավերացման գործընթացը
Փաշինյանը նշում է, որ խաղաղության պայմանագրի վավերացումը կարող է փարատել սահմանադրական մտահոգությունները։ Սակայն, եթե պայմանագիրը չի համապատասխանի Հայաստանի սահմանադրությանը, դա կարող է հանգեցնել լուրջ ճգնաժամի։ Սա ներառում է վտանգ, որ Հայաստանի օրենսդրական և իրավական համակարգերը կարող են ստիպված լինել զիջել արտաքին ճնշումների ներքո: Հակապետականության վտանգի գնահատական՝ 8/10

9. Սահմանազատման գործընթացի շարունակականությունը
Փաշինյանը հայտարարում է, որ սահմանազատումը պետք է շարունակվի։ Սակայն չկա երաշխիք, որ Ադրբեջանը չի օգտագործի այս գործընթացը լրացուցիչ պահանջների առաջադրման համար, ինչը կարող է վտանգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Հակապետականության վտանգի գնահատական՝ 7/10

Ընդհանուր Հակապետականության վտանգի գնահատականը կազմում է՝ 8.2/10։

Փաշինյանի խոսույթը, որը հաճախ ներկայացվում է որպես տրամաբանական և կշռադատված, զգալի վտանգ է պարունակում ոչ միայն Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության, այլև երկրի ներքին կայունության համար։ Նրա հաճախակի զիջողականությունը և հիպոթետիկ մոտեցումները հասարակության մոտ ստեղծում են թուլության և անորոշության տպավորություն, ինչը նվազեցնում է պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը։ Այս վստահության կորուստը խաթարում է երկրի ներքին կյանքը՝ հանգեցնելով հիասթափության և բևեռացման։

Փաշինյանի մոտեցումը հասարակության մեջ խորացնում է բաժանումները՝ ազգային հիմնախնդիրները ներկայացնելով որպես տեսական քննարկումներ, այլ ոչ թե վճռական գործողություններ։ Պատասխանատվությունը խուսափելով և մեղքը տեղափոխելով այլ տեղ, նա թուլացնում է պետական կառույցների հանդեպ հանրային վստահությունը՝ ստեղծելով հիասթափության և ցինիզմի մթնոլորտ։ Սա խաթարում է հանդուրժողականության և համերաշխության հիմքը՝ դրանք փոխարինելով անվստահությամբ և լարվածությամբ։

Նրա խոսույթը, որը թերագնահատում է անմիջական սպառնալիքները, շեղում է հանրությանը կարևոր անվտանգության և սոցիալական խնդիրներից, ինչը հասարակությանը դարձնում է բաժանված և անպատրաստ հնարավոր ճգնաժամերի դեմ։ Նման պայմաններում, երբ երկիրը կանգնած է գոյաբանական վտանգների առաջ, համախմբված և վճռական առաջնորդությունը ոչ թե ցանկալի է, այլ անհրաժեշտ։

Հանրությունը պետք է խորությամբ ուսումնասիրի այս մոտեցումները և պահանջի հստակ բացատրություններ ու պատասխանատվություն այդ քաղաքականության հնարավոր հետևանքների համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ