fbpx
Իրավական

ԲԴԽ-ի պարզաբանումը Հայկ Ալումյանի հնչեցրած եզրահանգումների մասին

Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ պարզաբանում է ներկայացրել «Ռոբերտ Քոչարյանը և մյուսները» քրեական գործով մեղադրյալ ներգրավված Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ հունիսի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած կանխատեսումների, դիտարկումների ու եզրահանգումների կապակցությամբ:

«Անհրաժեշտ պարզաբանում՝ «Ռոբերտ Քոչարյանը և մյուսները» քրեական գործով մեղադրյալ ներգրավված Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի հունիսի 1-ին լրատվամիջոցներին տված ասուլիսի ընթացքում այդ քրեական գործի առնչությամբ Վերաքննիչ քրեական դատարան ներկայացված երկու բողոքների (Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխելու, ինչպես նաև քրեական գործով վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ) Վերաքննիչ քրեական դատարանի դատավորին մակագրվելու հանգամանքի վերաբերյալ հնչեցրած անհիմն կանխատեսումների, դիտարկումների ու եզրահանգումների կապակցությամբ: Ընդ որում, փաստաբանը նույն ասուլիսում հայտնել է նաև, որ դիմելու է Վերաքննիչ քրեական դատարան՝ ընթացակարգի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար: Այդ կապակցությամբ բարձրացված հարցը համալիր քննարկվել է Դատական դեպարտամենտում, որի արդյունքներով հարկ ենք համարում հրապարակային պարզաբանումներ ներկայացնել հանրությանը՝ կանխելու համար անհարկի թյուր պատկերացումները:

Այսպես՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի` «Դատավորների միջև գործերի բաշխման և վերաբաշխման կարգը» վերտառությամբ 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատավորների միջև գործերը բաշխվում, վերաբաշխվում են, և կոլեգիալ դատական կազմերը ձևավորվում են մասնագիտացման սկզբունքի և պատահական ընտրության, ինչպես նաև սույն գլխում ամրագրված կանոնների հիման վրա՝ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով (…)»:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի` «Վերաքննիչ դատարանում գործերի բաշխումը» վերտառությամբ 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Կոլեգիալ և միանձնյա կարգով քննվող գործերը Համակարգչային ծրագրում մուտքագրվում և բաշխվում են միմյանցից առանձին»:

Բարձրագույն դատական խորհրդի 09.07.2018թ.` «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման հավելված 1-ի 20-րդ կետի համաձայն՝ գործն ըստ էության լուծող/եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը և գործն ըստ էության չլուծող/միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը Ծրագիր են մուտքագրվում և բաշխվում միմյանցից առանձին՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ սահմանված հավասարաչափ բաշխման չափանիշները՝ սույն գլխով սահմանված առանձնահատկությունների հաշվի առմամբ:

Նույն հավելված 1-ի 23-րդ կետի համաձայն՝ միևնույն գործով դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքները հանձնվում են միևնույն դատական կազմի նախագահող դատավորին: Այդ դեպքում Ծրագիրը քանակական տվյալները հաշվարկում է որպես մեկ գործ՝ անկախ ներկայացված բողոքների քանակից:

Այսպիսով, ակնհայտ է, որ թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Կալանավորում խափանման միջոցն անձնական երաշխավորությամբ փոփոխելու մասին» 18.05.2019թ. և «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» 20.05.2019թ որոշումների դեմ ներկայացված վերաքննիչ բողոքների հիման վրա քրեական գործը բաշխվել է (մակագրվել է) ինչպես «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի, այնպես էլ Բարձրագույն դատական խորհրդի 09.07.2018թ. թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման պահանջներին համապատասխան», – ասված է ԲԴԽ պարզաբանման մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ