Հասարակություն

Պետության դեմ ահաբեկչությունից անցել է 23 տարի

1999 թվականի հոկտեմբերի 27-ին, տեղի ունեցավ ահաբեկչական հարձակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքում։ Հարձակումը տեղի է ունեցել ԱԺ հերթական նստաշրջանի հարց ու պատասխանի ժամանակ։ Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվեցին 8 բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանն ու ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը։ Սպանվեցին նաև ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանն ու Միքայել Քոթանյանը, ինչպես նաև ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը։

Գործողություններ իրականացրել են Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը և Էդուարդ Գրիգորյանը։ Սակայն ահաբեկչության կազմակերպման մեջ մեղադրվողները 8-ն են։ Բացի նրանցից դատապարտվել են Աշոտ Կնյազյանն ու Համլետ Ստեփանյանը, իսկ Նորայր Եղիազարյանը մինչև դատավճռի կայացումը էլեկտրահարվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի իր խցում։

Ահաբեկչության արդյունքում վիրավորվել է 8 անձ, սակայն ըստ  BBC-ի՝ վիրավորների թիվը հասել է 30-ի։

Ահաբեկչական խումբը պատանդ էր վերցրել 91 անձանց, հիմնականում ԱԺ պատգամավորների։ Գերեվարված են եղել նաև նիստը լուսաբանող լրագրողները, որոնց որոշ ժամանակ անց ահաբեկիչները դուրս են թողել։ Վիրավորված պատգամավորներին և կառավարության անդամներին նույնպես որոշ ժամանակ անց դուրս են թողել։

Պատանդ մնացած անձինք ազատ են արձակվել հոկտեմբերի 28-ի լուսադեմին՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։

Ահաբեկիչների վերաբերյալ դավաճիռը հրապարակվել է 2003 թվականին, որով 6 անձ դատապարտվել է ցմահ, իսկ Համլետ Ստեփանյանը՝ 14 տարվա ազատազրկման։ Հատկանշական է, որ 8 մեղադրվողներից այս պահի դրությամբ ողջ են միայն 3-ը՝ Նաիրի ու Կարեն Հունանյանները և Դերենիկ Բեջանյանը, որոնցից Կարեն Հունանյանը խելագարվել է։

Ըստ պաշտոնական վարկածի՝ ամբողջ գործողությունը կազմակերպել է Նաիրի Հունանյանը, մանրամասն մշակել այն, ձեռք բերել համախոհներ և իրականացրել։ Այդ նույն պաշտոնական վարկածի համաձայն՝ նպատակը եղել է պետական հեղաշրջումը։

Բացի պաշտոնական վարկածը, կան նաև այլ վարկածներ, որոնցում ահաբեկչության կազմակերպման արմատները գնում են Հայաստանի սահմաններից դուրս։

Դրանցից մեկի համաձայն՝ այս ահաբեկչությունում կա ռուսական հետք։ 2005 թվականին նախկին ռուս հետախույզ Ալեքսանդր Լիտվինենկոն «Ռեալնի Ազերբայջան» շաբաթաթերթին տված հարցազրույցում ուղիղ կերպով ասել է, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը ռուսական Գլխավոր հետախուզական վարչության ձեռքի գործն է։ Ըստ Լիտվիենկոյի՝ այս ահաբեկչական ակտի միջոցով ռուսական քաղաքական ղեկավարությունը կանխեց Ղարաբաղի հարցի կարգավորման համաձայնագրի ստորագրումը։ Նա ռուսական գաղտնի ծառայություններին մեղադրել է նաև Բաքվի մետրոյում տեղի ունեցած պայթյունն իրականացնելու մեջ։

Վարկածներից մեկի համաձայն էլ Նաիրի Հունանյանը կապ է ունեցել թուրքական որոշ շրջանակների հետ, որն էլ կարող է կապ ունենալ ահաբեկչության հետ։ Նրա ու Թուրքիայի միջև կապերի մասին խոսվել է գործով հարցաքննվողներից Շանթ Հարությունյանի և ԱԱԾ աշխատակից Կարեն Միքայելի Պարունակյանի ցուցմունքներում։

Սակայն, այս դեպքում ավելի արժանահավատ է թվում ռուսական հետքի վարկածը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ