Հունիսի 10-ին Ազգային ժողովում ներկայացվել ու երկրորդ ընթերցմամբ ընդունվել է երեք օրինագիծ: Առաջինը երկրորդ ընթերցմամբ ներկայացվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
«Նախագծի ընդունումը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված այն ելակետային գաղափարի կյանքի կոչման իրողությամբ, որ ՀՀ ԱՆ-ն պարտավորվում է նորմատիվ իրավական ակտեր ընդունող մարմինների կողմից ներկայացված իրավական ակտերի պաշտոնական հրապարակումն ապահովել նախարարության պաշտոնական կայքում»,- ասել է հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, թե ինչ խնդիր էր առաջացել և ինչպես են պատկերացնում դրա լուծումը:
Երրորդ օրինագիծը, որը դարձյալ քննարկվել է երկրորդ ընթերցմամբ, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն էր:
«Այս նախագծով լուծվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության ծառայության պետական կարգավիճակի հստակեցման հետ կապված հարցը: Այս մարմնի քաղաքացիական ծառայողները շարունակելու են առանց մրցույթի և ժամկետային աշխատանքի պայմանագրի կնքման վերանշանակվել արդեն իրավահաջորդ համարվող Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում»,- ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ իրենք դեմ են այս օրինագծին, քանի որ օրենքի ընդունման ժամկետը չի պահպանվել և հարցը չի քննարկվել Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով:
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պարզաբանել է, որ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ չի հրավիրել, քանի որ չէր պահպանվի գրավոր առաջարկներ ներկայացնելու 2-օրյա ժամկետը: Բոլոր խորհրդարանական ուժերը հրավիրվել են քննարկմանը և այդ քննարկմանը մասնակցել է նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչը:
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը նույնպես ընդունվել է: