2019թ․ առաջին հինգ ամիսների ընթացքում կատարցի գործարարները Ստամբուլի բորսայից շուրջ 4․6 մլրդ թուրքական լիրա (շուրջ 790.4 մլն դոլար) արժողությամբ ներդրումներ են հետ կանչել, հայտնում է Ermenihaber-ը։
Թուրքական մամուլի հավաստմամբ՝ 2018թ․ դեկտեմբերի դրությամբ Ստամբուլի բորսայում կատարցի ներդրողների պորտֆելի արժեքը կազմել է 14 մլրդ 745 մլն լիրա (2 մլրդ 533 մլն դոլար)։ Այդ ցուցանիշը 2019թ․ մայիսի դրությամբ նվազել է 30․95 տոկոսով՝ հասնելով 10 մլրդ 181 միլիոն լիրայի (1 մլրդ 749 մլն դոլար)։
Աղբյուրը նշում է նաև, որ 2018թ․ օգոստոսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին հայտարարել էր, որ Թուրքիայի տնտեսությանն աջակցելու նպատակով այդ երկրում 15 մլրդ դոլարի ներդրում կկատարի։ Որպես այդ նախաձեռնության առաջին քայլ Թուրքիայի Կենտրոնական բանկի և Կատարի կենտրոնական բանկի միջև կնքվել էր երկկողմ արժույթային (swap) գործարք։