fbpx
Իրավական

Տաքսու վարորդի սպանության գործով հետախուզում է հայտարարվել մեկ անձի նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ 2019թ. հունիսի 10-ին Երևան քաղաքի Գլինկայի և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած սպանության և դանակահարության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ. մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ավելի վաղ Քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ 2019 թվականի հունիսի 10-ին՝ Գլինկայի և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում Երևան քաղաքի բնակիչ, տաքսու վարորդ Սարգիս Ավագյանի և Երևան քաղաքի՝ 1963 և 1989 թթ. ծնված բնակիչների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Ս.Ավագյանն ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, ևս մեկ անձ՝ ծնված 1995 թվականին, ով միջամտել է վիճաբանությանը, ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածք:

Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների և Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:

Մասնավորապես, նախնական տվյալներով, դեպքի օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք որպես ուղևոր նստել են Սարգիս Ավագյանի կողմից շահագործված տաքսի ավտոմեքենան, ավտոմեքենայի սրահում վիճաբանել վերջինիս հետ, ապա անձնական փոխհարաբերությունները պարզելու նպատակով իջել են ավտոմեքենայից և նույն վայրում՝ մայթեզրին, հրահրել վիճաբանություն, այնուհետև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:

Վիճաբանության և ծեծկռտուքի ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած 1989թ. ծնված երիտասարդ տղամարդն իր մոտ գտնված սուր կտրող-ծակող առարկայով, Ս.Ավագյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածել է նրա կրծքավանդակին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքի հետ անհամատեղելի՝ «կարծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած, կրծքավանդակի խոռոչ թափանցումով վերք, սրտի աջ նախասրտի վնասման» ձևով մարմնական վնասվածք:

Այնուհետև նույն անձը հարվածներ է հասցրել նաև վիճաբանությանը միջամտած 1995թ. ծնված երիտասարդի որովայնին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով «որովայնի առաջային պատի չթափանցող կտրած երկու վերքերի» ձևով միջին ծանրության մարմնական վնասվածքներ և դիմել է փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ որոշում է կայացվել 1989թ. ծնված տղամարդուն ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսնկարում պատկերված անձի գտնվելու մասին տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին` 57-43-81 հեռախոսահամարով։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ