ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովին կից անտառների արդյունավետ կառավարման հարցերով աշխատանքային խումբը` ՀՀ ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանի նախագահությամբ, հունիսի 14-ին հրավիրած քննարկմանն անդրադարձել է անտառային տնտեսությունների կառավարմանը, ոլորտի օրենսդրական բացերին և դրանց համալիր լուծման ուղղություններին: Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ոլորտը համակարգող պետական և մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ և անկախ փորձագետներ:
Օրակարգում ոլորտի կարգավորումների առաջնահերթությունների ամրագրումն էր, բարձրաձայնած հարցերի ուսումնասիրությունը և հետագա թեմատիկ քննարկումների պլանավորումը:
Աշխատանքային խմբի ղեկավար Մերի Գալստյանը ներկայացրել է ոլորտում բարեփոխումների հիմնական ուղղությունները, անդրադարձել անտառների վերականգնման, ինստիտուցիոնալ հզորությունների ամրապնդման և կատարելագործման ռազմավարական ուղիներին, գործիքային վերազինմանը, անտառային գիտության ու կրթության ապահովմանը, կարճաժամկետ և երկարաժամկետ անտառակառավարման պլանների մշակմանը:
Մասնակիցներն անդրադարձել են անտառների վերահսկողության մեխանիզմներին, ծառահատումներին, անտառային տարածքների ավելացմանը, հատուկ պահպանվող տարածքներին վերաբերող խնդիրներին, նշելով, որ ցանկացած հարց համապարփակ քննարկաման անհրաժեշտություն ունի:
Մերի Գալստյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումները` նշելով, որ աշխատանքային խմբի ձևավորման նպատակն է ստեղծել խորհրդատվական հարթակ, որտեղ մասնագետները կարող են ներկայացնել առկա հիմնախնդիրները, վերլուծությունները` նպաստելով օրենսդրական դաշտի բարեփոխումների գործընթացին: